Քրիստոսի Պայծառակերպության տոնը Վիրահայոց թեմում
2021 թվականի հուլիսի 11-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը: Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Առավոտից աշխուժություն էր տիրում եկեղեցիներում:
Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հավատացյալ ժողովուրդը մեծ խանդավառությամբ գալիս էր եկեղեցի մասնակից դառնալու Քրիստոսի Պայծառակերպության կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառի տոնակատարությանը:
Թբիլիսիի առաջնորդանիստ «Սուրբ Գևորգ» եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց առաջնորդի նորանշանակ օգնական հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը: Վերջինիս համար օրը առանձնահատուկ խորհրդական էր, քանի որ իր քահանայական ձեռնադրությունը ստացել էր Վարդավառի տոնին:
Պատարագիչ Հայր Նշանը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա Աստվածային խորհրդի մասին և պատգամեց նորոգվել Հիսուսով, Պայծառակերպված Քրիստոսով ապրել նոր կյանք, որը մարդկությանը կբերի բարություն, սեր, համերաշխություն և հոգևոր լուսավորություն: Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին հարստացնել կյանքը հոգևոր արժեքներով, բարի գործերով, գթասրտությամբ և ներողամտությամբ:
Հավարտ Սբ. Պատարագի հավատացյալներին իր օրհնությունը և շնորհավորանքը հղեց Թեմակալ առաջնորդը և ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Վիրահայոց թեմում հոգևոր ծառայության նշանակված հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանին:
Հեթանոսական ժամանակներից եկող և քրիստոնեական շունչ ստացած միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը կամ Վարդավառն իր արտահայտությունն է գտնում նաև այսօր:
Հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց եկեղեցու բակում տեղադրված լողավազանի ջրի օրհնության կարգ և սկիզբ առավ տոնական ուրախ տրամադրությունն ու միմյանց վրա ջուր ցողելու ժողովրդական սովորույթը: Վարդաջրով մաքրվելու ուրախ և աշխույժ տեսարանի մասնակից դարձան ներկա ահելներն ու ջահելները, հյուրերն ու պատարագի մասնակիցները, բոլոր հավատացյալները:
Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հետպատարգյա տոնական հանդիսություններ տեղի ունեցան Վիրահայոց թեմի Բաթումի «Սուրբ Փրկիչ», Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս», Քվեմո Քարթլիի տարածշրջանի շրջանների և շրջակա գյուղերի եկեղեցիներում և մատուռներում: Այնուհետև ամենուրեք տեղի ունեցավ տոնական հյուրասիրություն: