Материалы

Վիրահայ երիտասարդների ճանաչողական այցը Մայր հայրենիք

2021 թվականի սեպտեմբերի 8-11-ը,  Համահայկական ճանաչողության և համագործակցության ծրագրի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության հրավերով և աջակցությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի  օրհնությամբ, իրականացվեց թեմի Երիտասարդական բաժնի հերթական՝ չորրորդ  այցը Հայաստանի Հանրապետություն։ Ծրագրի  նպատակն էր՝ ծանոթացնել Վրաստանում ապրող հայ երիտասարդներին Մայր Հայրենիքի հոգևոր ու մշակութային կոթողների,  պատմական վայրերի ու բնաշխարհի հետ:

Վիրահայ երիտասարդների ուխտագնացությունը առաջնորդում էր Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար արժանապատիվ  Տեր Տաթև քահանա Մարուքյանը՝ «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և սարկավագ  Գևորգ Ավետիսյանի ընկերակցությամբ:  Ուխտագնացությանն ընդգրկված էին Թբիլիսի, Ախալքալաք, Ախալցիխե, Բոլնիսի քաղաքների ու շրջանների  թեմական կյանքին  ակտիվորեն ներգրավված թվով 25 երիտասարդներ: 

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում աղոթք բարձրացնելուց հետո խումբն ուղևորվեց Մայր հայրենիք:   

Քառօրյա  անմոռանալի  ուղևորության ընթացքում վիրահայ երիտասարդների խումբը գտնվեց Տավուշի թեմի Գոշավանք վանական համալիրում, Դիլիջան քաղաքում, Գեղարքունյաց հրաշք Սևանավանքում, Մատենադարանում, որտեղ հանդիպում կայացավ Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ, այժմ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերամշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ, ստանալով Սրբազանի օրհնությունը: Ուխտագնացության մասնակիցները Եռաբլուրում  իրենց խոնարհումը բերեցին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին, այնուհետև այցելեցին տեղի պանթեոն: Ուխտագնացությունը շարունակվեց  Հայոց քրիստոնեության բնօրրան Խոր Վիրապի վանքում,  երիերթևեկեցին աշխարհի ամենաերկար «Տա՛թևեր» ճոպանուղով և իրենց աղոթքն առ Աստված բարձրացրին Տաթևի վանական համալիրում, եղան նաև  Գորիս քաղաք: Վերադարձին խումբը այցելեց Սյունիքի գեղեցկուհի Շաքիի ջրվեժ և Ջերմուկ քաղաք՝ վայելելով բնության գեղեցիկ ու անկրկնելի տեսարանները։ 

Երևանում վիրահայ երիտասարդների խումբը հյուրընկալվեց ԿԳՄՍ նախարարությունում, որտեղ հանդիպում կայացավ նախարարության Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանի հետ։ Երիտասարդներն ու խմբի ղեկավարներն իրենց գոհունակությունը հայտնեցին կարևոր ու նպատակային ծրագրի կազմակերպման համար, իսկ նախարարության աշխատակիցները հույս հայտնեցին, որ նման  ծրագրերը շարունակական  կլինեն, քանզի նպատակաուղղված են  ավելի ջերմ ու գործուն կապ ապահովելու Վրաստանում ապրող հայ երիտասարդների ու Մայր Հայրենիքի միջև։

Եղան նաև համագործակցությունը շարունակելու և համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկներ, ինչը երկուստեք ընդունվեց պատրաստակամությամբ: 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը և թեմի երիտասարդության հարցերի  բաժինը խորին շնորհակալություն են հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ օժանդակության և աջակցության, ինչպես նաև «Ճանաչողական և համագործակցության այց Հայաստան» ծրագիրը նման բարձր մակարդակով կազմակերպելու և վիրահայ երիտասարդներին Հայաստանի պատմամշակութային վայրերին ծանոթանալու հնարավորություն ընձեռելու կապակցությամբ:

Հայրենասիրության մեծ պաթոսով  ոգեշնչված վիրահայ երիտասարդները վերադարձան Թբիլիսի՝ իրենց հետ բերելով նորանոր ընկերների բարեմաղթանքներն ու վերստին հանդիպելու սպասումը:

Img

Img

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են