Материалы

Թարգմանչաց տոնը Վիրահայոց թեմում նշվեց տարբեր միջոցառումներով

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 2021 թվականի տոնացույցով, հոկտեմբերի  9-ը Սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակի օրն է: Ազգային-եկեղեցական այս տոնը Վիրահայոց թեմում նշվեց տարբեր միջոցառումներով:  

Տոնական տրամադրություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ  Էջմիածին եկեղեցում: Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը: Պատարագիչ Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, որի ժամանակ  արժևորվեց Սբ. թարգմանիչ Վարդապետների` Սուրբ Մեսրոպի, Սահակ Պարթևի, Եղիշեի և նրանց աշակերտների դերը հայոց գրերի ստեղծման, ազգի պահպանության և հավատքի խորացման գործում,  անդրադարձ կատարվեց  հայ գրերի ստեղծման պատմական ժամանակաշրջանին: Տեր Նշան վարդապետը  Եկեղեցին, լեզուն և մշակույթը անվանեց ազգի ինքնությունը պահպանելու գլխավոր երաշխիքներ և  ներկաներին հորդորեց տարածել թարգմանիչ վարդապետների կողմից ստեղծված հայոց գրերը, սերունդներին փոխանցել մեր մեսրոպատառ ոսկեղենիկ լեզուն:  

Հավարտ Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդի նախագահությամբ, արժանավոր հայորդիների հոգու խաղաղության համար կատարվեց հոգեհանգստյան կարգ:  

Այնուհետև  հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը շնորհավորեց «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնին տասնամյա հոբելյանի կապակցությամբ, երախտիքի խոսքեր ուղղեց  թեմի  նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և բարերար Սաակովների  ընտանիքին, ում նախաձեռնությամբ և հետևողական ջանքերով ստեղծվել և արդեն մեկ տասնամյակ  շարունակ կենտրոնը արժանապատվորեն կատարում է մայրենի կրթության և  ազգային մշակույթի  տարածման նվիրական առաքելությունը:  

244792897

Վերջում Սուրբ խորանի առջև գեղեցիկ խոսքով և բանաստեղծություններով հայոց գրերի ստեղծողներին մեծարեցին Թեմի կրթության բաժնի  (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան) «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի  և  Սուրբ Եղիա մարգարե» (ուսուցչուհի՝ Ռոզա Զոհրաբյան) կիրակնօրյա դպրոցի սաները:  

Այս գեղեցիկ օրը  ուխտագնացությամբ նշանավորվեց Թբիլիսի  ժամանած Վիրահայոց թեմի   Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական ընդհանուր փոխանորդության Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և  տեղի «Ռաֆայել  Ջավախ» կրթամշակութային  կենտրոնի ուխտավորների համար: Հոգևոր հովիվ արժանապատիվ   Տեր Արմաշ քահանա  Պողոսյանի առաջնորդությամբ  հյուրերը այցելեցին  «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, աղոթք արեցին և մոմեր վառեցին Սուրբ Էջմիածին եկեղեցում,  իրենց խոնարհումը բերեցին  հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող արժանավոր  հայորդիների հիշատակին:  

Օրվա տոնական միջոցառումը շարունակվեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում: 

Միջոցառմանը իրենց ներկայությունն էին բերել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ  Աննա Սահակյանը և Ավետիք Հարությունյանը,  «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, ստեղծագործողներ, թարգմանիչներ, վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ:   

Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, օրհնելով  ներկաներին օրվա խորհրդի մասին հակիրճ խոսք ասաց, արժևորեց  տոնի նշանակությունը հայ ժողովրդի  կյանքում՝ հայոց գրերի գյուտը անվանելով շրջադարձային  և ողջունեց  տոնի  ազգային-եկեղեցական հենքը:  

Երկարատև ընդմիջումից հետո վերստին  Թումանյանի պատմական  թբիլիսյան հարկի տակ հավաքված ստեղծագործական մտքի ներկայացուցիչները  մեծարեցին հայ գրի ու գրականության հիմնադիր թարգմանիչ վարդապետների հիշատակը, վերհանելով պատմականորեն ձևավորված և  իրենց արդիականությունը պահպանած,  ինչպես նաև ժամանակակից  թարգմանությունների նմուշներ՝ կատարված պոեզիայից, արձակից, դրամատուրգիայից և այլ բնագավառներից: Ներկաները պատմեցին նաև հուշեր՝ կապված իրենց կողմից կատարված թարգմանությունների հետ:  

244991501

«Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի և էքսկուրսավար Գոհար Մազմանյանի շնորհիվ ներկայացվեցին  վիրահայ մտավորականների և ստեղծագործողների  արձակ և  չափածո  գործերի  թարգմանւթյունները հայերեն, ռուսերեն  և վրացերեն: Իրականացվեց  տեսակապ Երևանի հետ, որի ժամանակ գրական կապերով շաղկապված տարբեր լեզուների  թարգմանիչները փոխադարձաբար ներկայացրեցին միմյանց ստեղծագործություններից իրենց  թարգմանությունները: 

Միջոցառումն ուներ նաև գեղարվեստական հագեցվածություն՝ համեմված անհատ կատարողների երգերով և նվագակցությամբ:                                                                             

Թարգմանչաց տոնը հանդիսավորությամբ և տարբեր միջոցառումներով նշվեց Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում: Սուրբ Պատարագ մատուցվեց Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, Ծալկայի, Թեթրիծղարոյի, Մառնեուլիի և Բաթումիի հայոց եկեղեցիներում: Ազգային-եկեղեցական այս տոնը տարբեր վայրերում նշանավորվեց նաև այլ միջոցառումներով: 

244533660

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են