Թբիլիսիի Հավլաբար թաղամասում կրկին թևածում էր հայկական տոլմայի ախորժալի բուրմունքը
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ և թեմի կենտրոնների աջակցությամբ, 2021 թվականի հոկտեմբների 17-ին, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում, կիրակնօրյա Սուրբ Պատարագին հաջորդեց հայկական տոլմայի ավանդական փառատոնը:
Աշխարհով մեկ տարածված «Քովիդ-19» համաճարակը իր սահմանափակումներն է թելադրում հանրությանը համախմբող միջոցառումներին, որոնցից է նաև հայկական հարուստ մշակույթի արժեքներից մեկի՝ ազգային խոհանոցի դրսևորմանը: Այդ պատճառով այն իրականացվեց նվազ ճոխությամբ և սակավ բազմազանությամբ:
Հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Եկեղեցու բակում շարված սեղաններին տեղ գտան թբիլիսահայ տիկնանց պատրաստած տոլմայով կաթսաները, որոնց ախորժալի բուրմունքը տարածվել էր ողջ Հավլաբար թաղամասում, մարդականց տրամադրելով տոլմայի հյուրասիրության:
Հայկական տոլմայի փառատոնին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ, եկեղեցու հավատացյալներ:
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, բացելով փառատոնը՝ խոսեց ավանդույթը պահպանելու անհրաժեշտության մասին և արժևորեց հայ մարդու ինքնության հետ առնչվող ազգային կերակրատեսակները, նման միջոցառումերի օգնությամբ սերունդներին փոխանցելու կարևորությունը: Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, ողջունելով ավանդական տոլմայի փառատոնը, բարձր գնահատեց հայ մշակույթն իր բոլոր դրսևորումներով Վրաստանում, քաղաքամայր Թբիլիսիում պահպանելու որդեգրած միտումը:
Հայր Սուրբը օրհնեց բոլոր մասնակիցներին, բարեհաջող ընթացք մաղթեց փառատոնին և բոլորին հրավիրեց հյուրասիրվելու տոլմայի տարատեսակներով:
Հայոց եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով. նրանք համտեսելով տոլման, բարձր գնահատեցին կանանց կողմից սիրով, ջերմությամբ և վարպետությամբ պատրաստած այս ճաշատեսակի համային հատկանիշները:
Տոլմայով հանրության հյուրասիրությունը ուղեկցվեց երգ-երաժշտությամբ՝ ուրախ տրամադրություն ստեղծելով ներկաների մոտ: Տոլմայի փառատոնի ընթացքում ներկաներին զովացուցիչ ըմպելիքներով հյուրասիրությունը ապահովել էր Էդուարդ Մուրադյանի ղեկավարած ըմպելիքների «Ռիծա» ընկերությունը, իսկ հացով՝ «Բեբոս լավաշի» (Տատիկի հաց) ընկերությունը: Փառատոնի իրականացմանը իրենց համեստ ներդրումն էին կատարել անհատ բարերարները, եկեղեցու հավատացյալները:
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին և նվիրատուներին փառատոնի իրականացմանը աջակցություն և մասնակցություն ցուցաբերելու համար: