Материалы

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում կրկին թևածում էր հայկական տոլմայի ախորժալի բուրմունքը

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ և  թեմի  կենտրոնների աջակցությամբ, 2021 թվականի հոկտեմբների 17-ին,  Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում, կիրակնօրյա Սուրբ Պատարագին հաջորդեց հայկական տոլմայի  ավանդական փառատոնը:

Աշխարհով մեկ տարածված «Քովիդ-19» համաճարակը իր սահմանափակումներն է թելադրում հանրությանը համախմբող միջոցառումներին, որոնցից  է նաև հայկական հարուստ մշակույթի արժեքներից մեկի՝ ազգային խոհանոցի դրսևորմանը: Այդ պատճառով  այն  իրականացվեց նվազ  ճոխությամբ և  սակավ բազմազանությամբ:

Հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Եկեղեցու բակում շարված սեղաններին տեղ  գտան  թբիլիսահայ տիկնանց պատրաստած տոլմայով կաթսաները, որոնց  ախորժալի բուրմունքը տարածվել էր ողջ Հավլաբար թաղամասում, մարդականց տրամադրելով տոլմայի հյուրասիրության:

2

Հայկական տոլմայի փառատոնին  ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ, եկեղեցու հավատացյալներ:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, բացելով փառատոնը՝ խոսեց ավանդույթը պահպանելու անհրաժեշտության մասին և արժևորեց հայ մարդու ինքնության հետ առնչվող ազգային կերակրատեսակները, նման միջոցառումերի օգնությամբ սերունդներին փոխանցելու կարևորությունը: Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, ողջունելով ավանդական տոլմայի փառատոնը, բարձր գնահատեց հայ մշակույթն իր բոլոր դրսևորումներով Վրաստանում, քաղաքամայր Թբիլիսիում պահպանելու որդեգրած միտումը:

3

Հայր Սուրբը  օրհնեց  բոլոր մասնակիցներին,  բարեհաջող ընթացք մաղթեց փառատոնին և բոլորին հրավիրեց հյուրասիրվելու  տոլմայի տարատեսակներով:

Հայոց եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով.  նրանք համտեսելով տոլման, բարձր  գնահատեցին  կանանց կողմից սիրով,  ջերմությամբ և վարպետությամբ պատրաստած  այս ճաշատեսակի համային հատկանիշները:

Տոլմայով հանրության հյուրասիրությունը ուղեկցվեց  երգ-երաժշտությամբ՝ ուրախ տրամադրություն ստեղծելով ներկաների մոտ: Տոլմայի  փառատոնի ընթացքում ներկաներին զովացուցիչ ըմպելիքներով հյուրասիրությունը ապահովել էր Էդուարդ Մուրադյանի ղեկավարած ըմպելիքների «Ռիծա» ընկերությունը, իսկ հացով՝ «Բեբոս լավաշի» (Տատիկի հաց) ընկերությունը: Փառատոնի իրականացմանը իրենց համեստ ներդրումն էին կատարել անհատ բարերարները, եկեղեցու հավատացյալները:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին և նվիրատուներին փառատոնի իրականացմանը աջակցություն և մասնակցություն ցուցաբերելու համար:

4

5

6

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են