Ամանորի տոնահանդես «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում
2021 թվականի դեկտեմբերի 24-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ամանորի տոնահանդեսը: Նախակրթարանի ուսուցիչների ջանքերով ու երևակայությամբ զարդարված դահլիճը իսկական ձմեռային տեսք էր ստացել: Երեխաները զուգված ու զարդարված էին զանազան կենդանիներ ներկայացնող անտառի բնակիչների արտահագուստով, պճնված էին գեղեցիկ ու շքեղ շորերով:
Դահլիճում տեղեր էին զբաղեցրել ոչ միայն փոքրիկների ծնողները, տատիկներն ու պապիկները, այլև հոգևոր հայրերը, Հայարտուն» կենտրոնի պաշտոնեությունը, Թեմի մյուս աշխատակիցները:
Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի ողջույնի խոսքով: Նախակրթարանի սաները, ներկայացրեցին դրվագներ տարբեր հեքիաթներից, որոնք պատկերացնում էին իրենց երևակայությամբ:
Ու հաջորդեցին միմյանց փոքրիկների հայերեն խոսքը, ուրախ երգն ու պարը, արտասանությունը: Ուրախ տրամադրությամբ սպասում էին Ձմեռ պապիին, ով գալու էր նվերներով և ավետելու էր նոր՝ 2022 թվականի մեկնարկը: Վերջապես եկավ Ձմեռ պապը, հայտնեց իր գոհունակությունը տոնահանդեսից և քաջալերեց երեխաներին ասելով, որ մեկ տարի առաջ կայացած իրենց հանդիպումից հետո նրանք մեծացել են, ավելի խելացի են դարձել, լավ են սովորում, և ինքը դատարկաձեռն չի եկել, այլ բերել է շատ-շատ նվերներ, որոնք երեխաների համար կդառնան գեղեցիկ անակնկալներ:
Հավարտ տոնահանդեսի, գնահատանքի խոսք ասաց արժ. Տեր Կիրակոս քհն. Սիմոնյանը: Վերջինս փոխանցեց Թեմակալ առաջնորդ, հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությունը և շնորհավորանքները գալիք Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ: Արժ. Տեր Կիրակոս քահանան բարձր գնահատեց երեխաների մասնակցությամբ կայացած ամանորյա տոնահանդեսը, գովեստի խոսքեր ուղղեց նախակրթարանի ուսուցիչներին նրանց նվիրական աշխատանքի համար և ներկաներին հորդորեց լինել Հայոց Եկեղեցու կողքին, դառնալ նրա բոլոր արարողությունների մասնակիցը և իրենց զավակներին բերել «Հայարտուն» կենտրոն: Տեր Կիրակոսը ներկաներին շնորհավորեց գալիք Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: