Վիրահայ երիտասարդներն ընդգրկվեցին «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար 2021-2022թթ.» ծրագրում
Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, վիրահայ համայնքում մեկնարկեց «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար 2021-2022 թթ.» ծրագիրը, որը 2005 թվականից կազմակերպվում ու կյանքի է կոչվում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից և հովանավորությամբ:
Վիրահայ համայնքը տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցել է վերոհիշյալ ծրագրի իրականացմանը, երիտասարդական բաժնի տարեգրությունում արձանագրելով հետաքրքիր նախաձեռնությունների և արգասաբեր աշխատանքի տպավորիչ էջեր:
Դեռևս անցյալ տարի կանգնելով Վրաստանում սույն ծրագրի իրականացման ղեկի մոտ և արժանանալով երիտասարդ դեսպան Վրաստանում պատվավոր կոչմանը, պատասխանատվության մեծ զգացումով Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ակտիվ անդամ Էմիլ Սարգսյանը վերստին ստանձնեց ծրագրի իրականացման ղեկավարությունը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում 2021 թվականի նոյեմբերի 21-ին կայացավ հանդիպում երիտասարդների հետ, որի ընթացքում երիտասարդ դեսպանը ներկաներին փոխանցեց Երևանում վերջերս Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում կայացած հանդիպման մասին: Այնուհետև մանրամասն խոսեց Ջինիշյան հիմնադրամի ծրագրի նպատակի ու խնդիրների, հանձնարարականների և ուղղությունների մասին:
«Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար 2021-2022թթ.» ծրագիրը կշարունակվի 12 ամիս՝ 2021 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2022 թ. հոկտեմբերի 31-ը, կայանալու են սեմինարներ, վարժանքներ, որոնց ժամանակ տարբեր գաղափարներ արտահայտելով և դրանց իրականացման ուղիները գտնելու համար երիտասարդները կսովորեն ճիշտ նախագծերով ներկայացնել բարձրացված խնդիրների լուծումը, հանդես գալ նախաձեռնություններով՝ արդյունքում ակտիվացնելով համայնքային գործունեությունը:
Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում Թեմի երիտասարդական բաժինը շարունակելու է իրականացնել ենթածրագիր, որի թիրախայինը հասարակության տարբեր խավերն ու շերտերն են, սոցիալական օգնությունն ու բարեգործական միջոցառումները: Կարևորվելու են քաղաքացիական ինտեգրման, մայրենի լեզվի պահպանության, հայ մշակույթի տարածման և զարգացման հարցերը:
Ծրագրի իրականացման աշխատանքներին ընդգրկվել են Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների երիտասարդները: Նախատեսված են հանդիպումներ և դասախոսություններ տարբեր ոլորտի փորձագետների հետ:
Ստացված նոր գիտելիքների և փորձի փոխանակման հիման վրա պարբերաբար տեղի կունենան նորանոր գաղափարների ու նախաձեռնությունների քննարկումներ: Սեմինարները և վարժանքները տեղի են ունենալու ինչպես առցանց, այնպես էլ փոխադարձ այցելություններով ու շփումներով:
Երիտասարդների կողմից հնչեցին տարբեր գաղափարներ, նախաձեռնություններ, որոնց իրականացումը կընթանա միասնական ուժերով: