Սուրբ Ծննդյան տոնական Պատարագ Վիրահայոց թեմի եկեղեցիներում
2022 թվականի հունվարի 6-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու տաճարներում շարունակվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Այն հավուր պատշաճի նշվեց նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներում:
Տոնական տրամադրություն էր տիրում հավատացյալներով հոծ Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը:
Վիրահայ հավատացյալների Սրբազան տոնը շնորհավորելու էին եկել Վրաստանի նախագահ, Նորին Գերազանցություն տիկին Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանին, Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դեսպանության դիվանագետներ, պետական, հասարակական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հավատացյալներ:
Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ:
Սբ. Պատարագի վերջում Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն: Տեր Կիրակոս վարդապետը գնահատանքի խոսքեր ուղղեր երկար տարիներ Սուրբ Գևորգ եկեղեցու խաչի քավորի պարտականությունները սիրով և մեծ պատրաստակամությամբ իրականացրած արժանավոր հայորդի, հավատավոր քրիստոնյա Յուրի Երեմյանին և նրա ընտանիքին և փոխանցեց Օրհնության գիր:
2022 թվականին Խաչի կնքահայր դարձան Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Արտակ Ավետիսյան, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ Սամվել Պողոսյան հավատավոր քրիստոնյաները:
Հավարտ Սբ.Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ներկաներին շնորհավորեց ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ և շնորհակալության խոսքեր ուղղեց վրաց պետության և կառավարության ներկայացուցիչներին՝ ներկայության համար: Հայր Սուրբը արժևորեց նույն կրոնի և մշակույթի կրող հավատակից ժողովուրդների հազարամյա եղբայրական հարաբերությունները, հայ և վրաց եկեղեցիների բարեկամությունը: Պատարագիչ հգշ. Տեր Կիրակոս վարդապետը Վրաց Ուղղափառ Եկեղեցուն և վրացի բարձրաստիճան հյուրերին շնորհավորեց գալիք Սուրբ Ծննդյան տոնը:
Վիրահայոց թեմում Սուրբծննդյան տոնակատարությունը լուսաբանվեց վրացական տարբեր լրատվամիջոցներով: