Բուն Բարեկենդանի տոնին՝ավանդական հյուրասիրություն հարիսայով
2022 թվականի փետրվարի 27-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Բուն Բարեկենդանի տոնը: Մեծ Պահքին նախորդող օրը թբիլիսահայ համայնքում նշանավորվեց Սուրբ Պատարագով և ավանդական հարիսայի հյուրասիրությամբ:
Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, Սբ. Պատարագ մատուցեց արժ. Տեր Հուսիկ քհն. Հարությունյանը:
Հավարտ Սբ. Պատարագի, Հգշ. Տեր Կիրակոս վարդապետը անդրադարձ կատարելով Սուրբ Զատիկին նախորդող Մեծ Պահքի 48-օրյա ժամանակաշրջանին, կարևորեց Բուն Բարեկենդանի օրը միմյանց ներելու, հաշտության ձեռք մեկնելու և քրիսոնեական սիրով ապրելու անհրաժեշտությունը: Թեմակալ առաջնորդը շնորհավորեց ներկաներին տոնական օրվա կապակցությամբ և հրավիրեց ավանդական հարիսայով հյուրասիրության:
Հարիսայով հյուրասիրությունը, որը շուրջ տասնամյա պատմություն ունի, անընդմեջ իրականացվում է վիրահայ համայնքում Բուն բարեկենդանի օրը: Ավանդույթը, տարեցտարի ընդարձակվելով, տարբեր օրերի նշվում է թեմի տարբեր համայնքներում: Թբիլիսիում այն հաստատուն կերպով նշվում է Մեծ Պահքի նախօրեին: Հյուրասիրությունն իրականացվում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ:
Հգշ. Տեր Կիրակոս վարդապետը բարձր գնահատեց կանանց և համայնքային կառույցների մասնակցությունը, օրհնեց հարիսայով կաթսաները և ներկաներին հրավիրեց հյուրասիրվելու համեղ ճաշատեսակից: Սակայն համաճարակային կարգավորումները և Ուկրաինայում ընթացող իրադարձությունները սահմանափակել էին ավանդական օրվա տոնակատարությունը: Հյուրասիրությունն ընթացավ սոսկ հյուրասիրությամբ, զերծ մնալով երգ-երաժշտությունից և տրամադրություն ստեղծելուց:
Եկեղեցու բակում տեղադրված սեղաններին շարվել էին շուրջ երեսուն կաթսաներ՝ յուղալի և համեղ հարիսայով: Իրենց պատրաստած հարիսայով էին ներկայացել «Սուրբ Գևորգ» և «Սուրբ Էջմիածին» եկեղեցասեր կանանց կազմակերպությունները, «Հայարտուն», «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնները, «Շուշանիկ» միության անդամները, բազում կամավորներ: Բազմաթիվ հավատացյալներ, հյուրեր և զբոսաշրջիկներ օգտվեցին այս կերակրատեսակից, օրհնված հարիսա փոխանցվեց նաև հիվանդներին և տարեցներին::
Բուն բարեկենդանի օրվա ավանդական միջոցառումը ք.Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր կենտրոնում (հոգևոր տեսուչ՝ արժ. Տեր Նարեկ քհն. Ղուշչյան) իրականացվեց մրցույթ-հյուրասիրությամբ. մասնակիցներ Աիդա Փոլադյանի, Կարինե Հայրապետյանի և Անի Մինասյանի պատրաստած հարիսաներից լավագույն ճանաչվեց Աիդա Փոլադյանի պատրաստածը: Տեր Նարեկ քահանան հարիսան օրհնելուց հետո, հրավիրեց ներկաներին հյուրասիրվել յուղալի և համեղ ճաշատեսակով:
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունն իր շնորհակալությունն է հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդարանին, Թեմի «Հայարտուն», «Հովհ. Թումանյանի տուն», Ռուսթավիի «Սբ.Գրիգոր Նարեկացի» հոգևոր, գիտական, կրթամշակութային կենտրոններին, եկեղեցասեր կանանց միության անդամներին և կամավոր կանանց՝ միջոցառմանը մասնակցելու և հյուրասիրությանը իրենց ներդրումն ունենալու համար:
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը հարիսայի փառատոնի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանին, «Արմենիա» խանութին՝ ի դեմս Էդուարդ Մուրադյանի, արժ. Տեր Վիրապ քհն. Ղազարյանին, Սբ. Գևորգ եկեղեցու խաչի քավոր արժանավոր հայորդի Արտակ Ավետիսյանին, Սբ. Էջմիածին եկեղեցու խաչի քավոր արժանավոր հայորդի՝ Սամվել Պողոսյանին և մյուս բարերարներին:
Հարիսան հայկական ազգային կերակրատեսակ է, որի պատրաստումը երկարատև, սակայն անչափ հետաքրքիր գործընթաց է: Ցորենը եփում են հավի կամ ոչխարի արգանակում (մսաջուր), հարում փայտե գդալով, մինչև միատարր զանգված ստանալը: Համտեսելիս ավելացնում են յուղ կամ կարագ:
Ըստ ավանդության, հարիսայի պատրաստման սովորույթը կապված է Գրիգոր Լուսավորչի անվան հետ: Չքավորներին կերակրելու համար նա գյուղի ժողովրդից խնդրում էր մեծ քանակությամբ միս և հացահատիկ, իսկ իր աշակերտերին հրամայում՝ հարել կաթսայի միսը, և ասում. «Հարեք սա», այստեղից էլ գալիս է ուտեստի անվանումը – Հարիսա: