Материалы

Քաջարանցի երեխաները «Հայարտուն» կենտրոնում

2022 թվականի մարտի 27-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը հյուրընկալեց ՀՀ  Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի արվեստի  դպրոցի թատերարվեստի խմբի սաներին՝ ուսուցիչների ուղեկցությամբ: Հյուրերը  Վրաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրեր այցելելու և հայկական հետքին ծանոթանալու  նպատակը  զուգակցել էին թբիլիսահայ երեխաներին Հովհաննես Թումանյանի հեքիաթների  բեմադրությամբ գեղեցիկ անակնկալ մատուցելու  մտադրությանը: 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը ողջունելով ներկաներին, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի  օրհնությունը և բարեմաղթանքները,  արժևորեց մայր հայրենիքի սահմանամերձ շրջանից ժամանած սաների ուժերով ծանոթ հեքիաթները դերասանական խաղով դիտելու հնարավորությունը:

Իրար հաջորդեցին Հովհ. Թումանյանի  «Բարեկենդանը», «Կիկոսի մահը» և «Ստախոսը»  հեքիաթները: Տպավորիչ էր փոքրիկ դերասանների ազատ խոսքը, դերը ճիշտ ներկայացնելու պատասխանատվությունը, անբռնազբոս ծիծաղն ու կոմիկական ճիշտ ընկալումը, որ ուրախ  ծիծաղ և զվարթ տրամադրություն էր ստեղծում դահլիճում: Ներկայացումներն  ուղեկցվում էին բուռն ծափահարություններով:

277521437

Թատերարվեստի խմբի ղեկավար Արթուր Գաբրիելյանը ուրախություն հայտնեց, որ   ներկայացումները դիտում էին լեփ-լեցուն դահլիճում հավաքված երեխաներն ու մեծահասակները, ինչը փոքրիկ դերասանների համար ամենաբարձր գնահատականն է: Վերջինս խոսեց նաև 44-օրյա պատեազմին նվիրված  կոմպոզիցիայի մասին, որը դարձավ  սովորողների խոնարհումը 44-օրյա պատերազմում զոհված քաջարանցի  զինվորների  հիշատակին: Ներկայումս թատերարվեստի խումբը աշխատում է տիկնիկային խումբ ստեղծելու և  Զոշչենկոյի ուրախ պատմությունները բեմադրելու ուղղությամբ, որը ավելի հագեցած ու հետաքրքիր է դարձնում խմբի անդամների առօրյան: 

Քաջարանի  արվեստի դպրոցի  տնօրեն Արմինե Թումանյանի  հաղորդմամբ, դպրոցի տարբեր դասարաններում սովորում են  340  աշակերտներ, դպրոցը ամեն տարի, ընդունելության քննության հիման վրա, համալրվում է  40-ից ավելի աշակերտով:  Արվեստի դպրոցի ղեկավարը արժևորեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի աջակցությունը  դպրոցի գործունեությանը, ինչը կարևոր նախադրյալ է ապագա սերնդի կրթության  գործում գեղագիտական դաստիարակության զարգացման համար:   

Արվեստի դպրոցի տարբեր խմբերում ուսուցումը հնգամյա է: Թատերարվեստի խումբը, որն ընդամենը 4 տարվա պատմություն ունի, 2019 թվականին Բուլղարիայում  մասնակցել է «Սլավյանսկի վենեց» (Սլավոնական պսակ)  միջազգային փառատոնին և աժանացել  առաջին տեղին:

Ուրախ օրն ավարտվեց հյուրասիրությամբ և  երեխաներին մատուցած «Սամարացիների քսակ» նվերների անակնկալով: Անշուշտ  ներկայացումներից ստացած տպավորությունները անջնջելի կմնան  նախակրթարանի և  հայկական  դպրոցների տարրական դասարանների սովորողների հիշողության մեջ, ովքեր սիրով եկել են դիտելու փոքրիկ դերասանների խաղը: 

277367472

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են