Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում
2022 թվականի ապրիլի 17-ին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում նշվեց հավատացյալ բազմության մասնակցությամբ և Հայոց Եկեղեցու կանոններով:
Հավատացյալներով լեփ-լեցուն էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիները, բակը և մերձակա տարածքը: Հավատացյալները գալիս էին ընտանիքներով, օրվա առթիվ զատկական ներկած ձվերով, քաղցրավենիքով և մոմերով զարդարված զամբյուղներով: Պատարագին ներկա էին համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում հայորդիներ:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Հարության տոնին մատուցվող Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, գործակալության աշխատակիցները:
Տոնական օրը սկսվեց եկեղեցիներում ժամերգության և Անդաստանի արարողություններով: Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ Սուրբ Պատարագ մատուցեց առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Հայր Սուրբը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը:
Թեմակալ առաջնորդը Սբ. Զատիկի օրվա խորհրդի մասին քարոզում ասաց, որ Սուրբ Հարության տոնը չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակն է: Հայր Սուրբը մաղթեց, որ բարու հաղթանակը լույս բերի Հայաստան և Վրաստան աշխարհներին, խաղաղություն հաստատվի Ուկրաինայում և պատերազմական արհավիրքներից հեռու պահի երկրներին և ժողովուրդներին: Պատարագիչ Հայր Սուրբը շնորհավորանքի խոսքեր ուղղեց նաև Վրաստանի քրիստոնյա ժողովրդին՝ ով այսօր նշում էր Ծաղկազարդի տոնը:
Եկեղեցու բակում տեղի ունեցավ տոնական հյուրասիրություն, հավատացյալները բարձր տրամադրությամբ շնորհավորում էին միմյանց Քրիստոսի հրաշափառ հարության կապակցությամբ և աղերսում խաղաղություն աշխարհին և առողջություն բոլորին:
Հիսուս Քրիստոսի Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի՝ Բաթումիի, Ռուսթավի, Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում գործող հայոց եկեղեցիներում և հոգևոր կենտրոններում: Ամենուրեք հայ հավատացյալներին զատկական տոնի կապակցությամբ շնորհավորելու էին եկել պաշտոնյաներ, տարբեր ազգի հավատացյալներ:
Երկուշաբթի օրը, եկեղեցիներում մատուցվող Սբ. Պատարագից հետո ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ կկատարվի հոգեհանգստյան կարգ: