Սայաթ-Նովյան ավանդական «Վարդատոնը» մեկնարկեց «Երգարանի» շնորհանդեսով
2022 թվականի մայիսի 28-ին Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնը» Թբիլիսիում մեկնարկեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում Անմահ աշուղի 300-ամյակին նվիրված «Երգարանի» շնորհանդեսով:
Շնորհանդեսին ներկա էր երգիչ-մանկավարժ, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Մուշեղ Հարությունյանը: Վերջինս անսալով հոգու կանչին՝ կազմել էր Սայաթ-Նովայի «Երգարանը» և այն արդեն իր ընտրանիով ներկայացրել հանրությանը: Երգարանը, որն ունի նաև տողացի փոխադրություններ, ընդգրկում է Սայաթ-Նովայի 28 տաղ, ընդորում երկու տաղը նաև վրացերեն տարբերակով:
«Երգարանի» շնորհանդեսին մասնակցեց նաև Երևանի աշուղական-ազգագրական երգի «Հայի կանչ» համույթը, որը երգիչ-մանկավարժ Հարությունյանի ղեկավարությամբ կազմվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սովորողներից և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի սաներից:
«Երգարանի» շնորհանդեսին ներկա էին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու արժանապատիվ քահանաներ Տեր Կիրակոս Սիմոնյանը, Տեր Հովսեփ Հարությունյանը, կինոռեժիսոր Օթարի Միքելաձեն, պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլին, հասարակայնության ներկայացուցիչներ, Սայաթ-Նովայի երգի սիրահարներ:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի բարի գալուստի և համույթի ղեկավարի շնորհակալական խոսքից հետո Գալուստ Գյուլբենկյան դահլիճում տարածվեցին Անմահ Սայաթ-Նովայի միշտ արդիական տաղերը շնորհաշատ մեներգիչների կատարմամբ և ժողովրդական գործիքների ու դաշնամուրի նվագակցությամբ:
Ախորժալուր և սրտամոտ համերգի ավարտին, կազմակերպիչ դոցենտ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Հայ Օգնության Միության Երևանի շրջանային վարչությանը և «Մայադ տուր» տուրիստական ընկերությանը «Երգարանի» հրատարակությանը և Թբիլիսի այցելությանը ցուցաբերած աջակցության համար:
Համերգի ավարտին արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հայրական օրհնությունը, Մուշեղ Հարությունյանին և նրա ղեկավարած «Հայի կանչ» համույթին մաղթեց հայ գուսանական երգի, ժողովրդական երգարվեստի անաղարտության պահպանում, երկու մայրաքաղաքների մշակութային օջախների համագործակցության խորացում և հետագա զարգացում:
Ի հիշատակ գեղեցիկ օրվա, ներկաները ստացան Սայաթ-Նովայի «Երգարանները» Մուշեղ Հարությունյանի մակագրությամբ: