Материалы

Սուրբ Էջմիածնի տոնը Թբիլիսիում նշանավորվեց Սուրբ Պատարագով և հայկական գաթայի հյուրասիրությամբ

2022 թվականի հունիսի 19-ին Սուրբ Պատարագով և տարբեր միջոցառումներով նշվեց Հայոց Եկեղեցու մեծ տոներից մեկը՝  Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:  

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  աշխարհասփյուռ եկեղեցիներից Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցին այն եզակիներից մեկն է, որը պատիվ ունի կրելու Սուրբ Էջմիածին անունը, ածանցված Հավլաբար տեղանունով:

Վիրահայոց թեմի Թբիլիսիի Հավլաբար հայաբնակ թաղամասում հպարտորեն վեր խոյացող հայոց եկեղեցին աստվածապաշտ հավատացյալի անսահման սերը, ակնածանքը և խոնարհումն է իր հավատքին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: 19-րդ դարի սկզբներին վաղարշապատցի վարպետների ձեռքերով ու թբիլիսցիների ծախսերով կառուցված Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցի անունով եկեղեցին, որը  հետագայում ստացավ  և այժմ էլ հայտնի է Հավլաբարի Սուրբ Էջմիածին անունով, այդ սիրո և նվիրումի արտահայտությունն է:

Թբլիսիում  Սուրբ Էջմիածնի տոնը նշվեց նորաօծ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագով: Պատարագիչ – քահանան  քարոզ խոսեց Մայր Աթոռ Սուրբ Եկեղեցու ընդհանրական լինելու  և կենտրոնաձիգ առաքելության մասին,  կարևորեց այն  հպարտությունը և նաև  պարտավորությունը, որ դրված է Վրաստանում գործող համանուն եկեղեցու գործունեության վրա: Տեր Հայրը հորդորեց հավատացյալներին անսասան մնալ իրենց հավատքում, ապրել քրիստոնեական  պատվիրաններով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրումով և պահել, զորեղացնել ու պահպանել Վրաստանում գործող հինավուրց  և նորակառույց տաճարները:

Հավարտ Սուրբ Պատարագի, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և եկեղեցու հոգևոր դասի աջակցությամբ անցկացվեց հայկական գաթայով հյուրասիրություն:  Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը դարձավ հիրավի տոնական:

28922784

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են