Материалы

Թբիլիսիում Քրիստոսի Պայծառակերպության տոնին կատարվեց խաղաղարարներին նվիրված խաչքարի օծում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով, 2022 թվականի հուլիսի 24-ը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Հայոց Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Առավոտից աշխուժություն էր տիրում եկեղեցիներում: Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հավատացյալ ժողովուրդը մեծ խանդավառությամբ գալիս էր եկեղեցի մասնակիցը դառնալու Քրիստոսի Պայծառակերպության կամ, ինչպես ինքն է ասում, Վարդավառի տոնակատարությանը:

Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

19657270 N

Հընթացս Սբ. Պատարագի Պատարագիչ Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց տոնի Աստվածային խորհրդի մասին: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները և իրականացնել Աստծո կամքը: Տոնի պատգամն է նորոգվել Հիսուսով, Պայծառակերպված Քրիստոսով ապրել նոր կյանք, որը մարդկությանը կբերի բարություն, սեր, համերաշխություն և հոգևոր լուսավորություն: Հայր Սուրբը նաև հորդորեց հարստացնել կյանքը հոգևոր արժեքներով, բարի գործերով, գթասրտությամբ և ներողամտությամբ:

Հավարտ Պատարագի Թեմակալ առաջնորդի և հոգևոր դասի պահպանիչ աղոթքից և օրհնությունից հետո տոնական տրամադրությունը շարունակվեց եկեղեցու բակում: Տոնական օրը դարձավ նաև պատմական: Վիրահայոց թեմի առաջնորդանիստ, 13-րդ դարի կառույց Սուրբ Գևորգ եկեղեցում տեղադրվեց թվով երկրորդ խաչքարը, որը հնագույն քաղաքակրթություններ կրող երկրների ժողովուրդների՝ հավատքին նվիրվածության, հայրենասիրության, բարեկամության հարատևության լուռ վկայությունն է:

Տուֆակերտ խաչքարի տեղադրումը նախաձեռնել և իրականացվել է ՀՀ բնակիչ Կարեն Խաչատրյանի ընտանիքի բարերարությամբ: Սույն խաչքարի խորհուրդը խաղաղության փափագն է, որը բոլոր ազգերի ժողովուրդների բաղձալի երազանքն է: Քրիստոսի երանելիներից այս փափագը փորագրվել է խաչքարի պատվանդանին. «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ են կոչվելու»: Հիրավի, պատերազմի արհավիրքներ տեսած ու ապրած ժողովուրդների աղոթքն է ապրել խաղաղ երկնքի տակ և ունենալ անվտանգ կյանք:

Հոգևորականաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ, Վիրահայոց Թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ կատարվեց խաչքարը սրբազնագույն մյուռոնով օծելու սրբազան կարգը: Հոգեշնորհ Հայր Սուրբը շնորհավորեց արարողությանը ներկա Խաչատրյան ընտանիքի անդամներին և բոլոր հարազատներին և հայտնեց իր գնահատանքը եկեղեցանվեր գործի համար:

Այնուհետև եկեղեցու բակում տարածվեց թեմի «Հայարտուն» կենտրոնի համերգային ծրագիրը: Կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի ներկայացմամբ իրար հաջորդեցին ուրախ երգն ու պարը գեղարվեստական խմբերի, «Տարոն» պարային համույթի և մենակատարների և նվագակցողների կատարմամբ, (թեմի մշակույթի բաժնի պատասխանատու Սուրեն Աբրամյան):

Հեթանոսական ժամանակներից եկող և քրիստոնեական շունչ ստացած միմյանց ջուր ցողելու սովորությունը կամ Վարդավառն իր արտահայտությունը գտավ ծայր առած ջրախաղով: Վարդաջրով մաքրվելու ուրախ և աշխույժ տեսարանի մասնակից դարձան ահելներն ու ջահելները, տեղացիներն ու զբոսաշրջիկները, ովքեր զարմանքով, հետաքրքրությամբ, բայց նաև սիրով միանում էին ջրվողներին և ուրախանում նրանց հետ:

Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ տոնական հանդիսություններ տեղի ունեցան Բաթումիի «Սուրբ Փրկիչ», Ախալցիխեի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» և շրջակա գյուղերի եկեղեցիներում: Ծալկայի շրջանի հայաբնակ գյուղերն ունեն եկեղեցական տոները նշելու իրենց սովորությունը: Ավանդաբար Վարդավառի տոնը նշվում է Այազմա գյուղում, որտեղ հավաքվում են շրջանի տարբեր գյուղերից ժամանած հավատացյալները և տոնը գեղեցկացնում համերգային ծրագրով և ջրախաղով:

269464781955 N

2437799354 N

6345038405405 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են