Материалы

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ ՆՇՎԵՑ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀԱՄԱՆՈՒՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

2022 թվականին սեպտեմբերի 24-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Գևորգ զորավարի տոնը: Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սբ. Գևորգ եկեղեցում, արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի ձեռամբ մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Հավատացյալները եկել էին աղոթելու և ստանալու քաջամարտիկ զորավարի օրհնությունն ու շնորհները:
Հընթացս Սուրբ Պատարագի, պատարագիչ-քահանան քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ քաջամարտիկ զորավարի քրիստոնյա հավատքին նվիրվածության և նահատակության մասին, արժևորեց հավատացյալների սերը Սուրբի նկատմամբ, որի անունով դարերի ընթացքում կառուցվել են եկեղեցիներ:
Տեր Վիրապ քահանան զորավար Գևորգի անսասանությունը քրիստոնեական հավատքի նկատմամբ համեմատեց հայ ժողովրդի հետ, ով պատմության ընթացքում բազում փորձությունների միջով է անցել, կենաց և մահու պայքար մղել և հավատարիմ մնացել իր հավատքին: Քարոզի վերջում պատարագիչը բոլոր Գևորգ անվանակիրներին շնորհավորեց տոնի կապակցությամբ, հորդորեց նրանց ապրել Քրիստոսի հավատարիմ զավակը լինելու հպարտությամբ:
Սուրբ Գևորգ զորավարի տոնը եկեղեցական արարողություններով և ժողովրդական տարբեր միջոցառումներով նշվեց թեմի եկեղեցիներում, հատկապես սրբի անունով տաճարներում:
Հավելենք, որ Սուրբ Գևորգ տաճարը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, այն կառուցվել է 13-րդ դարում, եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 2015 թվականին հիմնովին վերանորոգվելով IDeA հիմնադրամի և այլ բարերարների միջոցներով, Սուրբ Գևորգ եկեղեցին (կամ Բերդի Մեծ եկեղեցին) շարունակում է իր շուրջը համախմբել վիրահայությանը, հանդիսանալով թեմի առաջնորդանիստը:
30850268

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են