Պետության պատշաճ վերաբերմունքը հայերեն գրություններով տապանաքարերի և մասունքների նկատմամբ
Թբիլիսիում ամենուր հանդիպում ենք հայկական հետքի լուռ վկայությունների: Առավել արժեքավորներից մեկը խորհրդային տարիներին ոչնչացված Վանքի մայր տաճարի և նրա հարակից տարածքի ավերակներն են, որոնք շարունակում են թբիլիսահայության համար մնալ սուրբ վայրեր, քանզի մինչև օրս հայտնվում են նախկին առաջնորդանիստ եկեղեցու հետքերը և բակի գերեզմանոցում հուղարկավորված ազգի և եկեղեցու արժանավոր հայորդիների և հոգևոր այրերի մասունքները:
Աթոնելի փողոցի վրա գործող Վրաստանի մշակույթի նախարարության հարակից տարածքի վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվեցին հայերեն մակագրություններով տապանաքարեր և հուղարկավորվածների մասունքներ: Ի հարգանս, Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանիի անմիջական միջամտության և ձեռնարկած միջոցառումների, Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալության հնագետների մասնակցությամբ կարևորվեց դրածոների պահպանության գործընթացը և որոշվեց այն համաձայնեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում ՀՀ դեսպանության, թբիլիսահայ հասարակայնության հետ: Վիրահայ պատկան այրերի, ի մասնավորի, Թեմի առաջնորդի և դեսպանի հետ համաձայնեցված որոշմամբ, առաջնորդվելով հանգուցյալների նկատմամբ քրիստոնեական հարգալից և պատշաճ վերաբերմունքի, հայտնաբերված դամբարանական մասունքները կվերաթաղվեն Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում:
2022 թվականի հոկտեմբերի 18-ին, անձամբ փոխվարչապետ Թեա Ծուլուկիանիի, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի, Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գրոծակալության հնէաբան Զուրա Գիորգաձեի, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանի, Թբիլիսիի «Միասին« հասարակական կազմակերպության ղեկավար Լևոն Չիդիլյանի և հասարակայնության այլ անդամների կատարվեց տապանաքարերի և մասունքների տեղափոխություն: Հայտնաբերվել է 5 տապանաքար, որոնցից միայն երկուսի վրա է պահպանվել մակագրությունը: Դա Վանքի տարածքում հուղարկավորված Մայր տաճարի ավագ քահանա Հովհաննես Տեր Պողոսյանի և նրա կնոջ տապանաքարերն են, մյուսների վրա գրությունները չեն պահպանվել:
Հավելենք, որ Վիրահայոց թեմի Վանքի տաճարը կամ Հարանց վանքը հիմնադրվել է 931 թ.: Մինչև խորհրդային տարիները այնտեղ տեղակայված է եղել Վիրահայոց թեմի առաջնորդարանը: 1938 թ. Թիֆլիսի Հայոց վանքը ոչնչացվել է: 1939 թ. Թբիլիսիի քաղաքային իշխանությունների որոշմամբ շենքը հիմնովին քանդվում է: Հայոց Վանքի համալիրից ներկայումս կանգուն է միայն զանգակատունը: Վանքի տեղում ներկայումս Թբիլիսիի թիվ 104 հանրային հայկական դպրոցն է:
Առաջնորդանիստ Վանքի եկեղեցին հայտնի էր նաև ազգային իր գերեզմանոցով: Վանքի գերեզմանատանն ամփոփված էին հայ նշանավոր գործիչների և թեմակալ առաջնորդների աճյունները:Այստեղ թաղված են եղել Ալեքսանդր և Դարյա Մանթաշյանները, Հովհաննես, Մարիամ, Կոստանտին Խատիսյանները, Թիֆլիսի քաղաքագլուխներ Ալեքսանդր Մատինյանցը և Պողոս Իզմայիլովը և ազգի այլ երևելիներ:
Թբիլիսիի քաղաքային իշխանությունների որոշմամբ այս հատվածի ողջ տարածքում շարունակվում են պեղումները: Ամեն օր ստացվող տեղեկությունների համաձայն հայտնաբերվում են նորանոր տարապանաքարեր և մասունքներ: Տապանաքարերի և մասունքների վերաթաղման արարողությունը կիրականացվի պեղումների գործընթացի ամբողջականացումից հետո: