Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ուսանողական գագաթաժողովը
2022 թվականի հոկտեմբերի 22-ին, Թբիլիսիում, «Ռադիուս» հյուրանոցում կայացավ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ուսանողական գագաթաժողովը: Միջոցառումը կյանքի կոչվեց «Ջինիշյան հիմնադրամի» «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար» ծրագրի շրջանակներում: Գագաթաժողովին ներկա էին Վրաստանի Քվեմո Քարթլիի, Սամցխե Ջավախքի և Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստացող 25 ուսանողներ:
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար Էմիլ Սարգսյանը բացեց գագաթաժողովը, հաղորդեց, որ այն ամփոփիչ բնույթ ունի՝ ուղեկցող թեմական և համայնքային կյանքին վերաբերող հարցերով:
Գագաթաժողովին ներկա գտնվող արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը փոխանցեց թեմակալ առաջնորդ հգլ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությունը և բարեմաղթանքները գագաթաժողովի աշխատանքին: Արժ. Տեր Կիրակոսը կարևորեց Եկեղեցու շուրջ երիտասարդների համախմբվելու, թեմական կյաքին ակտիվորեն ընդգրկվելու և քրիստոնեական պատվիրաններով ապրելու հարցերը:
Ներկաները լսեցին բրիտանական Կոլումբիայի տեխնոլոգիաների ինստիտուտի դասախոս Գևորգ Գրիգորյանի դասախոսությունը:
Գագաթաժողովին առցանց ելույթներով միացան երիտասարդ դեսպաններ Գերմանիայից, Շվեդիայից և Մեծ Բրիտանիայից:
Գագաթաժողովը ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով: Ուսանողները բարձրացրին իրենց հետաքրքրող տարբեր հարցեր: