Материалы

Պատմական իրադարձություն Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում. մասունքների վերաթաղում

Հիրավի, 2022 թվականի հոկտեմբերի 30-ը Վիրահայոց թեմի, ի մասնավորի թբիլիսահայ համայնքի կյանքում տարեգրվեց պատմական իրադարձությամբ: Դա   Թբիլիսիի նախկին Վանքի տաճարի կամ Հարանց վանքի տարածքում պեղված մասունքների վերաթաղման արարողությանն էր:

 Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմի առաջնորդ  հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ և Սամցխե- Ջավախքի փոխառաջնորդ  հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանի ու Քվեմո Քարթլի տարածաշրջանի Շահումյան, Կարմիր և Ախքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վարդապետ Յազիչյանի  մասնակցությամբ,  ՀՀ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու  քահանա  արժ. Տեր Շմավոն  Ղևոնդյանը   մատուցեց Սուրբ Պատարագ: Հավարտ Սրբազան Պատարագի, եկեղեցու  խորանի առջև  տեղադրվեցին  արկղների մեջ ամփոփված այն  մասունքները, որոնք պեղվել էին Թբիլիսիի  Աթոնելի փողոցի վրա գործող Վրաստանի մշակույթի նախարարության հարակից տարածքի վերականգնողական աշխատանքների ընթացքում:

Եկեղեցու  ներսում  սգո  երաժշտության ներքո  Թեմակալ առաջնորդի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ   ազգի երևելիների   հոգիների հանգստության համար, մի արարողություն, որը դարձավ նաև հարգանքի  տուրք այն ննջեցյալների հիշատակին, ում դիերը  խորհրդային ժամանակաշրջանի  անաստվածության տարիներին  հայտնվել էին   ավերված եկեղեցու և  հարակից գերազմանոցի   փլատակների տակ:

 Ներկաներին ուղղված իր  խոսքում, հգշ. Տեր  Կիրակոս վարդապետը խոսեց այն նվազագույնի մասին, որ  այսօր  ի զորու է կատարել  Վիրահայոց թեմը, քրիստոնեական կարգով  վերաթաղելով  ննջեցյալների մասունքները:  Հայր Սուրբը  երախտագիտության խոսք ուղղեց Վրաստանի  մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությանը, փոխվարչապետ տիկին Թեա Ծուլուկիանիին, ում ուշադիր և հարգալից վերաբերմունքի և աջակցության  արդյունքում  հայորդիների  մասունքները և   տապանաքարերը իրենց  մշտական  հանգստավայրը կգտնեն  Խոջիվանքի պանթեոնում:

Ծիսական արարողությունից հետո  արկղներում  ամփոփված մասունքները, թաղման  թափորի ուղեկցությամբ,  տեղափոխվեցին  Հայոց մեծաց մեծերի պանթեոն:

Խոջիվանքում վերաթաղման թափորին միացան  Վրաստանում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան  Աշոտ Սմբատյանը,  դեսպանության դիվանագետներ, հայ մտավորականության  և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչներ:

Հոգեշնորհ վարդապետների և  սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվեց  հոգեհանգստյան կարգ, որից հետո  ամփոփված մասունքները  իջեցվեցին գերեզմանափոսի մեջ:  Թեմակալ առաջնորդ  հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի  դամբանական խոսքում կարևորվեց այն, որ ննջեցյալները, որոնց դիակները  տասնամյակներ շարունակ գտնվում էին  ասֆալտի և բետոնի շերտի  տակ, մասունքների տեսքով արժանացան հողի ծածկույթին: Հայր Սուրբն իր խոսքն ավարտեց  Բարձրյալին ուղղված՝ նման  անաստվածության հետևանքներից  և  վերաթաղման արարողություններից   զերծ պահելու աղերսով:

Վերաթաղումից հետո առաջացած գերեզմանաթումբը զարդարվեց  ծաղիկներով:

Img

Img

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են