Материалы

Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հովհ. Թումանյանի տուն» և «Հայարտուն» կենտրոններում տարածվեց «Անուշ» պոեմից ծաղկաքաղը

2022 թվականի դեկտեմբերի 2-ին, երկօրյա հյուրախաղային  այցով Թբիլիսիում հյուրընկալվեց Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր  համույթը, որի հիմնադրման 85-ամյակին նվիրված հոբելյանական շրջերթը մեկնարկեց Հովհ. Թումանյանի  թբիլիսյան բնակարանից:

Օրը տպավորիչ էր և հուզիչ: Թբիլիսահայ հասարակայնությունը հնարավորություն ունեցավ  ըմբոշխնելու համաշխարհային գրականությունում հաստատված հայ գրականության գոհարներից  Հովհաննես Թումանյանի  «Անուշ» պոեմի, հիրավի ժողովրդական՝ Կոմիտասյան մշակմամբ  ծաղկաքաղը, որը մեծավարպետորեն ներկայացրեց  մայր հայրենիքից ժամանած վաստակաշատ  համույթը:

95444928258 N

Կենտրոնի ղեկավար  Գիսանե  Հովսեփյանի կողմից «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի ստեղծման պատմությունը ունկնդրելուց հետո, «Անուշ» երաժշտական դրամայի  հեղինակ, մաեստրո  Արզաս Ոսկանյանը ներկայացրեց իր մտահղացումը՝ ազգի երկու երևելիների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակին նվիրել «Անուշ» երաժշտական երգերի դրաման: Եվ  այդ օրը Թումանյանի նախկին  հարկի տակ, առանձնահատուկ հնչեղությամբ և հուզականությամբ տարածվեցին արիաները՝  ժողովրդի ծոցից ելած երիտասարդների՝ Անուշի ու Սարոյի մաքուր և անաղարտ սիրո պատմությունից:

Թաթուլ Ալթունյանի  անվան Հայաստանի  երգի-պարի  պետական  համույթը նույն օրը ելույթ ունեցավ նաև  «Հայարտուն» կենտրոնում, որի լեփ-լեցուն դահլիճում տեղ էին գտել   գրականության և արվեստի  գործիչներ, թբիլիսահայ  հասարակայնության  ներկայացուցիչներ:

 Կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի բարի գալուստի ջերմ խոսքից հետո, ծայր առավ գեղեցիկ ծաղկաքաղը: Կոմիտասյան մշակմամբ, Թումանյանի  պատկերած  հուզականությամբ հնչեցին դրվագներ  Արզաս Ոսկանյանի  «Անուշ» երաժշտական  դրամայից համույթի շնորհալի անդամների կատարմամբ ասմունքի, երգերի, ժողգործիքների  նվագակցությամբ, դոցենտ Գրիգոր Ոսկանյանի դիրիժորությամբ:  Այն  հիրավի, մեծն Կոմիտասի կողմից տրված որակավորմամբ՝  Հովհաննես Թումանյանի  «Անուշ» պոեմի ժողովրդական ծիսերգություն էր: 

38819758698 N

Հոտնկայս ծափերից ու հիացմունքի օվացիայից  հետո միջոցառումը գնահատանքի խոսքով եզրափակեց  Հոգեշնորհ Տեր  Զավեն վարդապետ Յազիչյանը: Վերջինս փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը և բարեմաղթանքները և  իր գնահատանքը հղեց  համույթի յուրաքանչյուր անդամին, դիրիժոր Գրիգոր Ոսկանյանին և մաեստրո Արզաս Ոսկանյանին, ով համույթի 85-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների հուշաքարը դրեց Թբիլիսիում, հատկապես Թումանյան  անձի և նրա գործունեության հետ կապված  «Հովհաննես Թումանյանի տուն»  և «Հայարտուն» կենտրոններում:

Հավելենք, որ դեկտեմբերի 3-ին Թբիլիսիի Վախտանգ Սալարիձեի անվան համերգասրահում  տեղի կունենա  Թաթուլ Ալթունյանի  անվան Հայաստանի  երգի-պարի  պետական վաստակավոր համույթի հոբելյանական համերգը:

814524743896 N

2847335894 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են