Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հովհ. Թումանյանի տուն» և «Հայարտուն» կենտրոններում տարածվեց «Անուշ» պոեմից ծաղկաքաղը
2022 թվականի դեկտեմբերի 2-ին, երկօրյա հյուրախաղային այցով Թբիլիսիում հյուրընկալվեց Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր համույթը, որի հիմնադրման 85-ամյակին նվիրված հոբելյանական շրջերթը մեկնարկեց Հովհ. Թումանյանի թբիլիսյան բնակարանից:
Օրը տպավորիչ էր և հուզիչ: Թբիլիսահայ հասարակայնությունը հնարավորություն ունեցավ ըմբոշխնելու համաշխարհային գրականությունում հաստատված հայ գրականության գոհարներից Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի, հիրավի ժողովրդական՝ Կոմիտասյան մշակմամբ ծաղկաքաղը, որը մեծավարպետորեն ներկայացրեց մայր հայրենիքից ժամանած վաստակաշատ համույթը:
Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի կողմից «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի ստեղծման պատմությունը ունկնդրելուց հետո, «Անուշ» երաժշտական դրամայի հեղինակ, մաեստրո Արզաս Ոսկանյանը ներկայացրեց իր մտահղացումը՝ ազգի երկու երևելիների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակին նվիրել «Անուշ» երաժշտական երգերի դրաման: Եվ այդ օրը Թումանյանի նախկին հարկի տակ, առանձնահատուկ հնչեղությամբ և հուզականությամբ տարածվեցին արիաները՝ ժողովրդի ծոցից ելած երիտասարդների՝ Անուշի ու Սարոյի մաքուր և անաղարտ սիրո պատմությունից:
Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթը նույն օրը ելույթ ունեցավ նաև «Հայարտուն» կենտրոնում, որի լեփ-լեցուն դահլիճում տեղ էին գտել գրականության և արվեստի գործիչներ, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:
Կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի բարի գալուստի ջերմ խոսքից հետո, ծայր առավ գեղեցիկ ծաղկաքաղը: Կոմիտասյան մշակմամբ, Թումանյանի պատկերած հուզականությամբ հնչեցին դրվագներ Արզաս Ոսկանյանի «Անուշ» երաժշտական դրամայից համույթի շնորհալի անդամների կատարմամբ ասմունքի, երգերի, ժողգործիքների նվագակցությամբ, դոցենտ Գրիգոր Ոսկանյանի դիրիժորությամբ: Այն հիրավի, մեծն Կոմիտասի կողմից տրված որակավորմամբ՝ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի ժողովրդական ծիսերգություն էր:
Հոտնկայս ծափերից ու հիացմունքի օվացիայից հետո միջոցառումը գնահատանքի խոսքով եզրափակեց Հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը: Վերջինս փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը և բարեմաղթանքները և իր գնահատանքը հղեց համույթի յուրաքանչյուր անդամին, դիրիժոր Գրիգոր Ոսկանյանին և մաեստրո Արզաս Ոսկանյանին, ով համույթի 85-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների հուշաքարը դրեց Թբիլիսիում, հատկապես Թումանյան անձի և նրա գործունեության հետ կապված «Հովհաննես Թումանյանի տուն» և «Հայարտուն» կենտրոններում:
Հավելենք, որ դեկտեմբերի 3-ին Թբիլիսիի Վախտանգ Սալարիձեի անվան համերգասրահում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր համույթի հոբելյանական համերգը: