Նռնօրհնեք Վիրահայոց թեմի եկեղեցիներում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց բոլոր եկեղեցիներում տարեմուտի օրը գոհաբանական մաղթանքից հետո կատարվում է նռան օրհնության կարգ: Նռնօրհնեքով է ավարտվում հին տարին և սկսվում նորը:
2022 թվականի դեկտեմբերի 31-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Թեմակալ առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի գլխավորությամբ հոգևոր դասի մասնակցությամբ և հավատացյալ հոտի ներկայությամբ տեղի ունեցավ Ժամերգություն և Գոհաբանական մաղթանք:
Հոգևոր արարողության վերջում Հայր Սուրբը դիմելով հավատացյալներին, փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայրապետի օրհնությունը և խոսեց նռնօրհնեքի խորհրդի մասին բացատրելով, որ հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Տեր Կիրակոս վարդապետը բացատրեց նաև Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նռան՝ Հիսուս Քրիստոսի հեղած արյան խորհրդապատկերը լինելը, հավելելով, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված մեկ Եկեղեցու մեջ:
Հայր Սուրբը տարեմուտի վերջին արարողության ընթացքում օրհնության և գնահատանքի խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմում իրենց հոգևոր ծառայությունը բերած բոլոր ծառայողներին՝ սկսած քահանաներից և ավարտած դպիրներով, եկեղեցիների խաչքավորներին, բարերարներին, աշխարհիկ աշխատակազմին, կամավորական կազմակերպությունների անդամներին և բոլոր հավատատացյալներին, որոնք կանգուն են պահում Հայոց Եկեղեցին, Վիրահայոց թեմը:
Հգշ. Տեր Կիրակոս վարդապետը օրհնեց խորանը զարդարող նռներն և ներկաներին շնորհավորեց Գալիք 2023 թվականի նորամուտի կապակցությամբ՝ համայն աշխարհին, դժվար օրեր ապրող Մայր հայրենիքին ու Արցախին՝ Վրաստանին մաղթելով խաղաղություն, մարդկանց՝ առողջություն:
Գոհաբանական աղոթքով և նռնօրհնեքի արարողությամբ ավարտվեց հին տարին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում: