Материалы

Մայրենին մեծարվեց Վիրահայոց թեմի հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցում

2023  թվականի ապրիլի 29-ին մեսրոպատառ հայերենի շունչն էր թևածում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Օրը հիշարժան էր, թեև ուշացումով, բայց մեծ նվիրումով Վիրահայոց թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (ուսուցչուհի Թամարա Գաբոյան) մեկօրյա դպրոցի նախաձեռնությամբ նշվեց մայրենիի օրը:

Դահլիճում  տեղեր էին զբաղեցրել ծնողներ, ուսուցիչներ, թբիլիսահայ հասարակայնության անդամներ: Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել  Թեմի Քվեմո Քարթլիիի տարածաշրջանի Հայոց եկեղեցիների հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանը:

Տարբեր լեզուներով ուսուցման  հանրային  դպրոցների շրջանավարտներ ու մասնագիտություն  սովորող շաբաթօրյա դպրոցի աշակերտները  ելույթ ունեցան գրական-երաժշտական  մոնտաժով: Տարիներ առաջ մայրենիից կտրված, հատ ու կենտ բառեր տիրապետող սաները իրենց խոնարհումը բերեցին  մայր լեզվին, մեսրոպատառ հայերենին,  վերադարձը  արմատներին և հպարտությունը հայ լինելու համար, ներկայացրին ծաղկաքաղ հայոց լեզվին նվիրած տարբեր հեղինակների բանաստեղծություններով և հնամենի լեզվի մասին ազգի մեծերի ու ճանաչված անհատների ասույթներով:

Ի հիշատակ հայ պոեզիայի  ռահվիրա  Համո Սահյանի  մահվան տարելիցի, մեկօրյա դպրոցի սաները  թերթեցին ճանաչված բանաստեղծի գրական ժառանգության էջերը, ներկայացնելով  հայրենիքին, հավատքին, ոսկեղենիկ լեզվին նվիրված նրա  բանաստեղծությունները, նաև  սիրո, նվիրումի մասին խոհա-փիլիսոփայական  քառյակներն ու ասույթները:

Մայրենի լեզուն որպես ազգի գոյատևման և միավորման միջոց կարևորեց Թեմի լրատվական բաժնի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը: Վերջինս  ընդգծեց  պարմանների և պարմանուհիների վերադարձը իրենց արմատներին, հայ լինելու հպարտությունը և հայի տեսակով ապրելու միտումը: 

34393760

Ստացած տպավորություններով կիսվեցին  «Հայարտուն» կենտրոնի  ղեկավար  Եվգենյա Մալոսյանը, լրագրող Գայանե Բոստանջյանը:

Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի  հոգևոր հովիվ  հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանը փոխանցեց  թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հայրական օրհնությունը և բարեմաղթանքը միջոցառման  մասնակիցներին: Հգշ. Հայր Սուրբ բարձր գնահատեց թբիլիսահայ հասարակայնությանը հայախոս դարձնելու, մայրենին սիրելու, հայրենիքի և լեզվի մասին ավելի խորը իմանալու և այդ ամենը կյանքի ուղեկից դարձնելու գործում վաստակաշատ ուսուցչուհու ներդրումը և աշակերտության նվիրումը:

Միջոցառման ավարտին  տիկին Թամարա Գաբոյանը  երախտագիտության խոսք ուղղեց «Հայարտուն» կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգչախմբին   (խմբավար Մարիա Աբուլյան,  դաշնակահար՝ Կարեն Միրզոյանը) հայրենաշունչ երգերի կատարմանը օժանդակելու համար, ինչպես նաև աջակիցներին և  բոլոր մասնակիցներին՝ միջոցառումը հոգեբուխ ու  սրտալից, խոր ըմբռնումով  ու ազգասիրության շնչով իրականացնելու համար:   

Հիրավի, մայրենիին նվիրված տոնահանդեսը դարձավ հայոց լեզվի նկատմամբ սիրո և հպարտության այն զգացումը, որը ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է:

Մայրենի լեզվի միջազգային օրը 1999 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից՝ որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցության օր: Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից  մտել է Հայաստանի տոնացույցի մեջ: Վրաստանը մայրենիի օրը տոնում է ապրիլի 14-ին:

34396768

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են