Մայրենին մեծարվեց Վիրահայոց թեմի հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցում
2023 թվականի ապրիլի 29-ին մեսրոպատառ հայերենի շունչն էր թևածում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Օրը հիշարժան էր, թեև ուշացումով, բայց մեծ նվիրումով Վիրահայոց թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (ուսուցչուհի Թամարա Գաբոյան) մեկօրյա դպրոցի նախաձեռնությամբ նշվեց մայրենիի օրը:
Դահլիճում տեղեր էին զբաղեցրել ծնողներ, ուսուցիչներ, թբիլիսահայ հասարակայնության անդամներ: Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Թեմի Քվեմո Քարթլիիի տարածաշրջանի Հայոց եկեղեցիների հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանը:
Տարբեր լեզուներով ուսուցման հանրային դպրոցների շրջանավարտներ ու մասնագիտություն սովորող շաբաթօրյա դպրոցի աշակերտները ելույթ ունեցան գրական-երաժշտական մոնտաժով: Տարիներ առաջ մայրենիից կտրված, հատ ու կենտ բառեր տիրապետող սաները իրենց խոնարհումը բերեցին մայր լեզվին, մեսրոպատառ հայերենին, վերադարձը արմատներին և հպարտությունը հայ լինելու համար, ներկայացրին ծաղկաքաղ հայոց լեզվին նվիրած տարբեր հեղինակների բանաստեղծություններով և հնամենի լեզվի մասին ազգի մեծերի ու ճանաչված անհատների ասույթներով:
Ի հիշատակ հայ պոեզիայի ռահվիրա Համո Սահյանի մահվան տարելիցի, մեկօրյա դպրոցի սաները թերթեցին ճանաչված բանաստեղծի գրական ժառանգության էջերը, ներկայացնելով հայրենիքին, հավատքին, ոսկեղենիկ լեզվին նվիրված նրա բանաստեղծությունները, նաև սիրո, նվիրումի մասին խոհա-փիլիսոփայական քառյակներն ու ասույթները:
Մայրենի լեզուն որպես ազգի գոյատևման և միավորման միջոց կարևորեց Թեմի լրատվական բաժնի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը: Վերջինս ընդգծեց պարմանների և պարմանուհիների վերադարձը իրենց արմատներին, հայ լինելու հպարտությունը և հայի տեսակով ապրելու միտումը:
Ստացած տպավորություններով կիսվեցին «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մալոսյանը, լրագրող Գայանե Բոստանջյանը:
Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանը փոխանցեց թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հայրական օրհնությունը և բարեմաղթանքը միջոցառման մասնակիցներին: Հգշ. Հայր Սուրբ բարձր գնահատեց թբիլիսահայ հասարակայնությանը հայախոս դարձնելու, մայրենին սիրելու, հայրենիքի և լեզվի մասին ավելի խորը իմանալու և այդ ամենը կյանքի ուղեկից դարձնելու գործում վաստակաշատ ուսուցչուհու ներդրումը և աշակերտության նվիրումը:
Միջոցառման ավարտին տիկին Թամարա Գաբոյանը երախտագիտության խոսք ուղղեց «Հայարտուն» կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգչախմբին (խմբավար Մարիա Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյանը) հայրենաշունչ երգերի կատարմանը օժանդակելու համար, ինչպես նաև աջակիցներին և բոլոր մասնակիցներին՝ միջոցառումը հոգեբուխ ու սրտալից, խոր ըմբռնումով ու ազգասիրության շնչով իրականացնելու համար:
Հիրավի, մայրենիին նվիրված տոնահանդեսը դարձավ հայոց լեզվի նկատմամբ սիրո և հպարտության այն զգացումը, որը ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է:
Մայրենի լեզվի միջազգային օրը 1999 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից՝ որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցության օր: Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից մտել է Հայաստանի տոնացույցի մեջ: Վրաստանը մայրենիի օրը տոնում է ապրիլի 14-ին: