ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԹԲԻԼԻՍԻ ԵՎ ԲՈԼՆԻՍ -ԽԱՉԵՆ
2023 թվականի մայիսի 7-ին, Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հայ գրականության ու հայոց պատմության խմբակների լավագույն աշակերտների համար կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիա դեպի Թբիլիսի:
Առաջին այցեվայրը եղավ <<Հովհ․ Թումանյանի տուն>> գիտամշակութային կենտրոնը, որտեղ ԵԿ-ի խմբին սիրով դիմավորեց Թումանյանի տան զբոսավար Էդիտա Զորաբյանը։ Զբոսավարը սաների հետ անցկացրեց Թումանյանի կյանքին, ստեղծագործություններին նվիրված բաց-դաս։ Տիրում էր թումանյանական մթնոլորտ,սաները ասմունքում էին, երգում, Թումանյանի կյանքից հետաքրքիր պատմություններ, հարցեր հղում զբոսավարին և բավարարվում մատուցված խորիմաստ պատասխաններից։ Զգացվում էր սաների մեծ սերը դեպի Ամենայն Հայոց Բանաստեղծը, որի ապացույցն էր նրա ստեղծագործությունների իմացությունը և խորապես ուսումնասիրված լինելը։
Այստեղից խումբը ուղևորվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներ: Հայոց հինավուրց և զորավոր եկեղեցիներում մոմեր վառելուց և Աստվածային շունչն ու զորությունը հոգեպես ներառնելուց հետո, էքսկուրսիայի մասնակիցները մեկնեցին Բոլնիսի շրջանի Բոլնիս- Խաչեն գյուղ, որտեղ մասնակցեցին Ղ․ Աղայանին նվիրված ավանդական միջոցառմանը։
Շրջայց կատարեցին Ղ․ Աղայանի տուն - թանգարանում և ԵԿ-ի <<Հայք>>համույթի երկու պարուհիները միջոցառմանը ներկայացան <<Պարմանի>> պարով ։
Օրն անցավ հարուստ տպավորություններով, այցելուները և էքսկուրսիայի մասնակիցները հուզական դրական լիցքով հագեցած վերադարձան Ախալքալաք:
Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյան