ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ «ՍԲ. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ» ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ
2023 թվականի հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, թեմապատկան նախակրթարաններում կազմակերպվեցին զվարճալի միջոցառումներ օրը հիրավի տոնական դարձնելու, երեխաների մոտ բարձր տրամադրություն ստեղծելու և հետաքրքիր անակնկալներ մատուցելու համար:
Թբիլիսիում տոնը մեկնարկեց Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում, որտեղ տարածվեց երեխաների ծիծաղն ու ժպիտը, աղմուկն ու աղաղակը: Ուրախ երաժշտությունն ու զվարճալի երգերը տրամադրեցին բոլորին: Երեխաների կողքին ասես մանկացան նաև մեծահասակները՝ ուսուցիչները, ծնողները: Տոնական բարձր տրամադրությանը տրվեցին գրեթե բոլոր երեխաները: Նրանցից շատերը ընդգրկվեցին ասֆալտի վրա կավճով նկարելու զվարճանքին, շատերն էլ տրվեցին դեմքերն ու ձեռքերը նախշազարդելու հաճույքին, հիացմունքով դիտելով միմյանց նոր տեսքը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը իր շնորհավորական խոսքում բոլոր երեխաներին մաղթեց երջանիկ մանկություն, խաղաղ երկնակամար, ծնողական հոգատարություն, ուսուցիչների խորիմաստ դաստիարակություն: Վերջինս շնոհակալության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանին՝ տոնական օրվա միջոցառումների իրականացմանը ցուցաբերած աջակցության համար:
Երեխաներին ուրախացնելու էին եկել խաղվարներ Հենրիխ Պետրոսյանն ու Արամ Հարությունյանը՝ երեխաներին ծանոթ և սիրելի Զոորոյի և Սարդ մարդու՝ Սպայդերմենի կերպարով: Նրանք տարբեր խաղերով, մրցումներով, հանելուկներով երեխաներին պարգևեցին լիաթոք ծիծաղ և բարձր տրամադրություն: Խաղ-մրցույթին ներգրավվեցին բոլորը՝ արտասանությամբ, երգով՝ ցույց տալով իրենց սովորածն ու գիտեցածը:
Փոքրիկների տոնը հագեցած էր նաև գեղեցիկ անակնկալներով, Թեմակալ առաջնորդի հովանավորությամբ՝ երեխաների համար կազմակերպվեց քաղցրավենիքով ու հյութերով հյուրասիրություն: Այնուհետև երեխաները ստացան «Սամարացու քսակ» քրիստոնեական, բարեգործական ընկերության նվերները, տուփեր ՝ որոնք հագեցած էին հետաքրքիր անակնկալներով:
Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաներին՝ Երեխաների պաշտպանոււթյան միջազգային օրվա առիթով իր շնորհավորանքն էր հղել Վրաստանի «Կանանց խորհուրդը» նախակրթարանի ողջ կազմին հրավիրելով Թբիլիսիի տեխնիկական համալսարանում կազմակերպված «Ցիսկարի» ներկայացում դիտելու:
Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի ուսուցչական կազմը և ծնողները շնորհակալություն են հայտնում Վրաստանի «Կանանց խորհրդին» (նախագահ ակադեմիկոս Մզեքալա Շանիձե, գործադիր տնօրեն Քեթևան Գաբրուաշվիլի) և Թբիլիսիի տեխնիկական համալսարանի ռեկտոր Դավիթ Գուրգենիձեին համալսարանի կանանց ասոցիացիայի նախագահ Նազի Կուցիավային տոնական օրը գեղեցիկ միջոցառումով լրացնելու համար:
Օրվա ընթացքում կազմակերպված երգի, պարի, տարբեր խաղերի, անակնկալների, նվերների, բեմադրության պարգևած ուրախության արդյունքում երեխաների համար հունիսի մեկը դարձավ զվարճալի և անմոռանալի:
Օրը տոնական էր նաև Վիրահայոց թեմի Ռուսթավի, Բաթումի, Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի Կենտրոնների, տարբեր գյուղերում գործող նախակրթարանների սաների համար: Այս կենտրոնների մանկավարժ-դաստիարակչուհիների հոգատար ջանքերով իրենց մանկության գեղեցիկ օրերն են անցկացնում մանկապարտեզ հաճախող սաները, որոնք այստեղ ստանում են հայեցի դաստիարակություն և դպրոցական տարրական գիտելիքներ: