Материалы

Վիրահայոց Թեմում նշվեց Թարգմանչաց տոնը և թեմի շաբաթօրյա դպրոցի շրջանավարտները ստացան վկայականներ

2023 թվականի հունիսի 29-ին Վիրահայոց Թեմի Հավլաբարի «Սուրբ Էջմիածին» եկեղեցում նշվեց Թարգմանչաց տոնը՝ Սբ. Սահակ Պարթևի և Սբ. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը: Տոնական Սուրբ Պատարագին ներկա էին Վիրահայոց Թեմի հայերենի ուսուցման «Սուրբ Գրիգոր Նարեկացի»  և «Սուրբ Եղիա մարգարե» սարժարանների  սաները:

Եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Հընթացս Սրբազան արարողության պատարագիչ-քահանան քարոզ ասաց Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի, հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիրների սուրբ լույսով լուսավորվելու և նրանց օրինակով ապրելու մասին:

Հավարտ Պատարագի արժ. Տեր Սամվել քահանան ներկաներին շնորհավորեց Հայոց Եկեղեցու գեղեցիկ տոնի՝ Թարգմանչաց օրվա կապակցությամբ և փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի  օրհնությունը և  շնորհավորանքը:  Անդրադարձ կատարելով Սփյուռքում հայերենի պահպանության և հայեցի դաստիարակության ազգանվեր գործին, Տեր  Հայրը գնահատանքի  խոսքեր ուղղեց  Վիրահայոց Թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» և «Սուրբ Եղիա Մարգարե» վարժարանների գործունեությանը, որը հնարավորություն է ընձեռում հայերենից կտրված տարբեր տարիքի հայորդիներին սովորելու մայրենին, թերթելու Հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու պատմության էջերը,  վերադառնալու իրենց արմատներին:

3568209

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը՝ հայերենով ապրելու, Հայոց Եկեղեցուն կապված մնալու պատգամով «Սուրբ Գրիգոր Նարեկացի»  շաբաթօրյա վարժարանի 2022-23 ուսումնական տարվա շրջանավարտներին բաժանեց վարժարանն ավարտելու վկայականներ:

Շրջանավարտներին շնորհավորեցին և մայրենին սրբությամբ պահպանելու կոչ արեցին  «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թամարա  Գաբոյանը, «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը, պատմության ուսուցիչ Ռևիկ Կարապետյանը, վարժարանների սաները, ծնողները:

Հիշեցնենք, որ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում գործում են երկու մեկօրյա դպրոցներ, որտեղ ցանկացողները կարող են սովորել մեսրոպատառ հայերենը և հայ գրականությունը, ծանոթանալ Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմությանը: Ուսուցումն այստեղ երկամյա է: Տասը և բարձր տարիքի մայրենիին չտիրապետող հայորդիները այս դպրոցներում հնարավորություն ունեն սովորելու հայերենը: Ուսումնառությունն անվճար է:

356872740 66218683261916N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են