Թբիլիսահայերը մասնակցեցին Արցախի համար համազգային աղոթքին
2023 թվականի հոկտեմբերի 1-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, կիրակնօրյա Սբ. Պատարագ մատուցեց արժ. Տեր Վիրապ քհն. Ղազարյանը:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի մեկին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված էր Մյուռոնօրհնության սրբազան արարողություն, որը Արցախում և Հայաստանի Հանրապետությունում զարգացող իրադարձությունների կապակցությամբ հետաձգվեց և, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, հոկտեմբերի 1-ը հայտարարվեց Արցախի համար համազգային աղոթքի օր:
Հավարտ կիրակնօրյա Սբ. Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը դիմելով ներկաներին, անդրադարձ կատարեց վերջին օրերին Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակին, կորցրած տարածքներին, տեղահանված հարյուր հազարից ավելի արցախցիների անորոշ ճակատագրին, և թբիլիսահայությանը արեց միասնության կոչ: Միանալով Արցախի համար համազգային աղոթքին, թեմակալ առաջնորդի նախագահւթյամբ, հոգևոր դասը և հավատացյալները ծնկաչոք աղոթեցին Արցախի և նրա տեղահանված բնակչության փրկության համար:
Համազգային աղոթք բարձրացվեց նաև Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին և Թեմի մյուս հայոց եկեղեցիներում: