Վիրահայոց թեմի առաջնորդը ընդունեց Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանին
2023 թվականի նոյեմբերի 2-ին, Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու առաջնորդարանում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը ընդունեց Վրաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պ-ն Պետր Կուբերնատին:
Վիրահայոց թեմի առաջնորդը հյուրին ներկայացրեց Վրաստանում գործող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր թեմը, որը Եկեղեցու և քրիստոնյա հավատքի շուրջ վիրահայության համախմբման կենտրոնաձիգ ուժն է, պատմեց երկրի տարածքում գործող և պահպանված հայոց եկեղեցիների մասին, կարևորեց այն մշակութային, կրթական և երիտասարդական աշխատանքները, որոնք միահամուռ իրականացվում են Թբիլիսիում և Վրաստանի մյուս տարածաշրջաններում, անդրադարձ կատարեց մյուս կրոնական դավանանքների հետ թեմի համագործակցությանը:
Չեխիայի Հանրապետության դեսպանը խոսեց Չեխիայի Հանրապետության, երկրի հոգևոր կյանքի և տեղի հայ համայնքի մասին: Արտակարգ և լիազոր դեսպան Պետր Կուբերնատը թեմակալ առաջնորդին մաղթեց նորանոր ձեռքբերումներ Վիրահայոց թեմը առաջնորդելու գործում:
Հանդիպումն ընթացավ ջերմ, բարեկամական մթնոլորտում փոխադարձաբար տարբեր նախագծերին մասնակցության ակնկալիքով և պատրաստակամությամբ:
Հանդիպմանը ներկա էին «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը և կազմակերպության գործադիր տնօրեն Մարի Միկոյանցը: