Երիտասարդ ստեղծագործող Գոռ Սիմոնյանի «Հայելու առաջ» գրքի շնորհանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում
2023 թվականի նոյեմբերի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ երիտասարդ ստեղծագործող Գոռ Սիմոնյանի «Հայելու առաջ» անդրանիկ գրքի շնորհանդեսը:
Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյանը սրահը լեցուն էր հանդիսատեսով, մեծամասնությունը՝ Թբիլիսիի տարբեր բուհերի ուսանողներն էին: Միջոցառումը հետաքրքրող էր, քանզի ուսանողական տարիքի երիտասարդ ստեղծագործողը իր հույզերը, ապրումները, պատկերացումները և գաղափարներն էր առաջարկում հասակակից ընկերներին վերլուծելու անցյալը, մոտիվացնելու ներկան, ստեղծելու ապագայի տեսլականը: Հենվելով իր անձնական զգացածի ու ապրածի վրա, Գոռ Սիմոնյանը առաջարկում է այն խնդիրների տասը արդիական լուծումները, որոնք խանգարում են մոտիվացիային:
«Հայելու առաջ» ժողովածուի մասին վերլուծական խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էմմա Ախտյանը: Վերջինս արժևորելով հեղինակի կողմից նկարագրված իրական պատմությունները և հերոսների կյանքի դեպքերը, խոսեց այն վախերի, ռիսկերի, գաղափարների և մտահղացումների մասին, որոնք խանգարում են տարբեր մոտիվացիաների իրականացմանը և երիտասարդ ստեղծագործողն առաջարկում է դրանց լուծման ուղիները:
Գոռ Սիմոնյանի ժամանակակից ոգով գրված «Հայելու առաջ» գրքի քննարկումը կարծես բաժանեց դահլիճում գտնվողների կարծիքներն ու մոտեցումները ընթերցանության, մոտիվացիային խանգարող խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին, գերապատվությունը տալով միայն նրան, ինչը ընդունելի և օգտակար է տարբեր սուբյեկտներին, թեև առավել պրագմատիկ էր միջին և բարձր տարիքի մարդկանց մոտեցումը:
Իրենց ելույթներով, արտահայտած կարծիքներով միջոցառումը ստացավ նաև երկխոսության, հարցուպատասխանի, բանավեճի և քննարկման բնույթ:
Գրքի շնորհանդեսն ամփոփեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը: Ներկաները ստացան գրքի օրինակները՝ հեղինակի ստորագրությամբ: