Դոկտոր Հակոբ Այնթափլյանի այցը Վրաստան
Թբիլիսիում էր գտնվում Նյու-Յորքի Գիտությունների ակադեմիայի անդամ, բժիշկ, սրտաբան, դոկտոր-պրոֆեսոր Հակոբ Այնթափլյանը: 85-ամյա հայ ազգասերի գործունեության ասպարեզը, բացի բժշկությունից, նաև հասարակական կյանքն է, հայերենի լեզվաբանության ուսումնասիրությունը, բանաստեղծությունները, որոնք շուտով երգի են վերածվում, դպրոցաշինությունը և բարեգործությունը:
2024 թվականի նոյեմբերի 13-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը ընդունեց Հակոբ Այնթափլյանին: Կայացած զրույցի ընթացքում շոշափվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Հովհ. Թումանյանի թբիլիսյան նախկին բնակարանում թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը Հակոբ Այնթափլյանը հանդես եկավ մայրենի լեզվի, հայրենիքի, կրթության և մշակույթի տարբեր հարցերի մասին բանախոսությամբ, որի ընթացքում սիրով պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպմանը հնչեցին նաև հատուկ ժամանած երգչուհի Լուիզա Երեմյանի դասական երգի հիանալի կատարումները Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգահան-դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ:
Ներկաները իրենց հետ տարան դոկտոր-պրոֆեսոր Հակոբ Այնթափլյանի և պրոֆեսոր Արտեմ Սարգսյանի հեղինակությամբ կազմած օտար բառերի հայերեն համարժեքների բառարանը և Անթափլյանի հովանավորությամբ հրատարակված Հովհ. Թումանյանի «Փնջիկ» բանաստեղծությունների ժողովածուն: