Ամանորյա տոնահանդես Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանում
Եվս մի քանի օր և 2024 թվականը կանցնի պատմության գիրկը, Երկիր մոլորակի վրա կհաստատվի նոր՝ 2025 թվականը: Ամենուրեք պատրաստվում են հավուր պատշաճի դիմավորել Նոր տարին, որին այնպես անհամբեր սպասում են հատկապես երեխաները:
2024 թվականի դեկտեմբերի 25-ին, տոնականորեն զարդարված «Հայարտան» դահլիճում տեղեր էին զբաղեցրել արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը, կենտրոնի պաշտոնեությունը, Թեմի աշխատակիցները, ծնողներ, հյուրեր:
Տերունական աղոթքից հետո Վիրահայոց թեմի կրթության բաժնի ղեկավար և «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը փոխանցեց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությունը և բարեմաղթանքները, կարևորեց տոնահանդեսը որպես Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի հաշվետու միջոցառում ընդունելու հանգամանքն ու ասպարեզը տրամադրեց նախակրթարանի սաներին:
Իրենց դաստիարակների օգնությամբ և ծնողների աջակցությամբ սաները ամանորը դիմավորեցին «անտառում»: Տարբեր տեսքով կերպարանափոխված «կենդանիները» հյուրընկալեցին անցնող տարվա Ձմեռ պապին և Նոր՝ մանուկ տարեմուտին: Երեխաները երգով, պարով, արտասանությամբ ու խաղերով ուրախացրին Ձմեռ պապին ու մանուկ տարեմուտին և Ձմեռ պապը, ինչպես միշտ, նրանց բաժանեց գեղեցիկ նվերներ:
Ընթացիկ ամանորյա տոնահանդեսը հագեցած էր անակնկալներով:Նախակրթարանի սաները նվեր ստացան Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի նախաձեռնությամբ և թեմի առաջնորդարանի աջակցությամբ նորերս «Ակտուալ արվեստ» հրատարակչության կողմից հրատարակված Հովհաննես Թումանյանի հեքիաթների պատկերազարդ ժողովածուն, իսկ թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու խաչի քավոր Սամվել Պողոսյանի կողմից նրանց բաժանվեցին փափուկ խաղալիքներ և քաղցրավենիք:
Նախակրթարանի սաների համար անակնկալ էր McDonald's միջազգային ընկերության պատրաստած հյուրասիրությունը և նվերները:
Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի ուսուցչական կազմը, ծնողները և սաները շնորհակալություն են հայտնում թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանին, «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնին, եկեղեցու խաչի քավոր Սամվել Պողոսյանին և McDonald's միջազգային ընկերության ղեկավարությանը՝ ամանորյա տոնահանդեսը ուրախ և անմոռաց դարձնելու համար: