Անցնող տարվա ավարտական արարողությունը՝ Նռնօրհնեքը Վիրահայոց թեմի եկեղեցիներում
2024 թվականի դեկտեմբերի 31-ին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում տարին ավարտվեց Նռնօրհնեքի արարողությամբ որը դեռևս 2015 թվականին սահմանել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը: Նռնօրհնեքով ավարտվում է հին տարին և սկսվում նորը: Նուռը խորհրդանշում է տարին և նրա յուրաքանչյուր օրը:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, երեկոյան ժամերգության վերջում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ Ժամերգություն և Գոհաբանական մաղթանք:
Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը օրհնեց խորանը զարդարող նռներն և ներկաներին շնորհավորեց գալիք 2025 թվականի կապակցությամբ՝ համայն աշխարհին, Մայր հայրենիքին ու Վրաստանին մաղթելով խաղաղություն, մարդկանց՝ առողջություն և բարեկեցություն:
Հոգևոր արարողության վերջում Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը դիմելով հավատացյալներին, խոսեց նռնօրհնեքի խորհրդի մասին բացատրելով, որ հայկական ավանդության մեջ նուռը կրում է Երկրագնդի խորհուրդը, աշխարհում ապրող տարբեր ազգերին ու ժողովուրդներին, ունի աշխարհի, կյանքի ծաղկունքի և առատության իմաստ: Տեր Կիրակոս եպիսկոպոսը բացատրեց նաև Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նռան՝ Հիսուս Քրիստոսի հեղած արյան խորհրդապատկեր լինելը:
Հավարտ արարողության օրհնված նուռը բաժանվեց ներկանեհրին:
Գոհաբանական աղոթքով և նռնօրհնեքի արարողությամբ ավարտվեց հին տարին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում: