Հովվական այցելություն Վիրահայոց թեմի Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր
2025 թվականի հունվարի 22-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, թեմի հոգևոր ծառայողներ արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունը և բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանը իրականացրին հովվական այցելություն Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի Սբ. Աստվածածին մատուռ, Շահումյան ավանի Սբ. Աստվածածին եկեղեցի և Կարմիր գյուղի (Ծիթելի) Սրբոց Ավետարանչաց մատուռ:
Վիրահայոց թեմի այցելու հոգևորականները այս եկեղեցիներում աղոթք բարձրացնելուց հետո, տեղի բնակիչներին փոխանցեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը և կատարեցին Ջրօրնյաց կարգ:
Տեղի բնակիչները ուրախ տրամադրությամբ մասնակցեցին ծիսական արարողությանը, մոմեր վառեցին և իրենց տները տարան օրհնված ջուրը: