Վիրահայոց թեմում տոնեցին Բուն Բարեկենդանը

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, Բուն Բարեկենդանի տոնը թբիլիսահայ համայնքում վերածվեց ժողովրդական տոնախմբության: Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում Սբ. Պատարագից հետո, թեմի «Հայարտուն» կենտրոնում հավատացյալներին սպասում էին Բարեկենդանի բարիքները և տոնական ուրախ տրամադրությունը:
Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ օրհնվեցին ղափամայով, հայկական հալվայով, քաղցր փլավով, փոխինդով, խմորեղենով և այլ բարիքներով զարդարված սեղանները, որոնք թեմի առաջնորդարանի, Սբ. Գևորգ և Սբ. Էջմիածին եկեղեցիների խաչի քավորներ Արկադի Հովակիմյանի և Կարեն Դարբինյանի աջակցությամբ կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը:
Միջոցառման նպատակն է պահպանել և սերունդներին փոխանցել ժողովրդական ավանդույթները, սովորությունները և ազգային կերակրատեսակները: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը շնորհակալության խոսքեր ուղղեց աջակիցներին, անհատ հովանավորներին, Հայաստանից հատուկ ժամանած խոհարար Դավիթ Բաբայանին, «Հայարտուն», «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոններին, Վրաստանի հայ համայնք, Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիս հասարակական կազմակերպություններին, մասնակից կանանց՝ աջակցությամբ համար: Բոլոր մասնակիցներին փոխանցվեցին վկայագրեր:
Ու հնչեց ուրախ երգն ու երաժշտությունը «Հայարտուն» կենտրոնում: Ու սկսվեց հյուրասիրությունը: Մինչև ուշ Բուն Բարեկենդանի պարգևած ուրախ տրամադրությունը թևածում էր շուրջբոլորը: