Ճրագալույցի Սուրբ Պատարագ Վիրահայոց թեմի Սբ. Էջմիածին եկեղեցում

2025 թվականի ապրիլի 19-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Սբ. Պատարագ:
Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին ու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով: Նրանք գալիս էին ընտանիքներով, գալիս էին առաջինը լսելու մարդկության Փրկչի Հարության ավետիսը: Ճրագալույցի Սբ. Պատարագը մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:
Նախատոնակից հետո Պատարագիչ Սրբազանը ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը: Հավատացյալները սիրով միմյանց շնորհավորեցին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեռելներից կենդանություն առնելու համար:
Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը իր քարոզ խոսքում անդրադարձ կատարեց դատապարտելի մարտահրավերներով առլեցուն առօրյա կյանքին, շարունակվող պատերազմներին, տարածվող մահվան ու աղետի սարսափին: Բայց Հիսուս Քրիստոսի Սբ. Հարությունը այն հավատքն ու հույսն է ներշնչում, որ արդարությունը հաստատվելու է, գալու է բարու հաղթանակը, ինչպես եղավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությամբ և չարի պարտությամբ:
Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը հավատացյալներին շնորհավորեց Սուրբ Հարության տոնի առիթով, բարեմաղթեց Վրաստան և Հայաստան աշխարհներին խաղաղություն, ռազմագերիներին ազատություն, տարհանվածներին վերադարձ իրենց տները, երկրներին առաջընթաց ու զարգացում:
Սբ. Պատարագի ավարտին հավատացյալները իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերը և Փրկչի օրհնությունն ստացած վերադարձան տները, տանելով Տիրոջ Հարության Սբ․ Լույսը։ Այնուհետև կատարվեց Սուրբ Հարության տոնից հետո առաջին տնօրհնեքի արարողությունը: Հավլաբարի առաջնորդական նստավայրում օրհնվեցին հացը, ջուրը և աղը:
Ժողովրդի այցը եկեղեցի շարունակվեց մինչև կեսգիշեր: