Զատկական նվերներ Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաներին

2025 թվականի ապրիլի 22-ին Վիրահայոց թեմի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանում ուրախ տրամադրություն էր տիրում: Նախակրթարան այցելեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Սբ. Էջմիածին եկեղեցու խաչի քավոր Կարեն Դարբինյանը տիկնոջ՝ Անուշ Մարկոսյանի ու մանկահասակ որդու հետ, ինչպես նաև թեմի վարչական բաժնի ղեկավար Կարեն Երիցյանը:
Հյուրերը, ինչ խոսք, դատարկաձեռն չէին եկել: Նվերները միշտ էլ հաճելի անակնկալ են, իսկ զատկական նվերները՝ առավել ևս: Փոքրիկները «Հայարտան» տնօրեն Եվգենյա Մարկոսյանի և դաստիարակների հետ միասին դիմավորեցին հյուրերին: Երեխաներին օրհնելուց հետո, Սրբազան Հայրը նրանց բաժանեց «Բարի Սամարացի» քրիստոնեական բարեգործական կազմակերպության «Սամարացու քսակ» նվերները, իսկ խաչի քավորը և նրա տիկինը փոքրիկներին ուրախացրին ներկած հավիթներով ու քաղցրավենիքով պատրաստած նվերներով: Ուրախությունը իր բարձրակետին հասավ, երբ նախակրթարանում երեխաները սկսեցին ձվակռիվ խաղը: