Материалы

Բարեխոսական աղոթք Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում

2025 թվականի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակի օրը, Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ, կատարվեց բարեխոսական կարգ, ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Բարեխոսական աղոթքին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Թբիլիսահայ համայնքային գործիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, մտավորականներ, Հայոց ցեղասպանության զոհերի սերնդակիցներ:

Թեմակալ առաջնորդը հավուր պատշաճի խոսք ասաց  օրվա խորհրդի մասին: Անդրադարձ կատարելով 20-րդ դարի սկզբներին հայ ժողովրդի պատմության էջերին մատենագրված   հանուն հավատքի ու  հայրենիքի պայքարին, հրով ու սրով հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրագործությանը, մեկուկես միլիոն անմեղ զոհերի նահատակությանը, պատմական հայրենիքից ազգի վտարմանը,Սրբազան հայրը բարձրաձայնեց Ցեղասպանության հիշատակի արդի ձևակերպումները, հիշատակի միջոցառումներին հայերի նոսրացող թվաքանակները, դատապարտումը և պահանջատիրությունը մերժելու սխալ  մոտեցումները: Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը հորդորեց  ապրել նախնիների հիշատակը  պահելով, ճանաչել ու դատապարտել բոլոր տեսակի ցեղասպանությունները, որոնք բխում են միայն հավատքից և ազգային պատկանելությունից:    

Թեմակալ առաջնորդը հորդորեց  ներկաներին աղոթել ժողովրդի փրկության, մայր հայրենիքը դաժան և ոխերիմ թշնամու ոտնձգություններից ու հոխորտումներից զերծ պահելու աղերսով և հայցել Հայոց ցեղասպանության միլիոն ու կես սուրբ նահատակների բարեխոսությունը ժողովրդի փրկության, հայրենիքն  ու նրա սահմանները պաշտպանողների  համար:

Ապրիլի 24-ին հիշատակի պատարագներ, բողոքի ակցիաներ, քայլերթեր և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Վրաստանի հայաբնակ քաղաքներում և շրջաններում:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge