Материалы

Սայաթ-Նովայի երգ-երաժշտությունը տարածվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

Վրացահայության, ի մասնավորի թբիլիսահայության համար մայիս ամիսը ոչ միայն գարուն է, վարդի բուրմունք ու սոխակի դայլայլ, այլև  վարդատոն, որն ավանդաբար նվիրվում է հայ քնարերգության ռահվիրա, աշուղական արվեստի մեծավարպետ սիրերգակ Սայաթ-Նովայի հիշատակին: Եվ պատահական չէր, որ 2025 թվականի մայիսի 11-ին,  Սայաթնովյան  «Վարդատոնին» ընդառաջ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ, Թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում  (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) տեղի ունեցավ գեղարվեստական միջոցառում՝ նվիրված Սայաթ-Նովային և նրա երգարվեստի անմահությանը:

Մարդաշատ էր «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճը: Թբիլիսահայերը եկել էին վերստին ըմբոշխնելու Մեծն Սայաթ-Նովայի երգ-երաժշտության հմայքը, զգալու նրա  խոհա-փիլիսոփայական ու բարոյա- խրատական տաղերգության   արդիականությունը:

Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանի ներկայացմամբ ցուցադրվեց  Սայաթ-Նովային ու նրա ստեղծագործություններին նվիրված վավերագրական ֆիլմ, որն այս անգամ էլ Թեմին տրամադրել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը:

Ու տարածվեցին Անմահ աշուղի միշտ արդիական ստեղծագործությունները, որոնց գեղեցիկ  կատարումներով հանդես եկավ Թեմի «Ներսես Շնորհալի»  մանկա-պատանեկան երգչախումբը, խմբավար և «Հայարտուն» կենտրոնի մենակատար Աիդա Բազոյան-Սուրմալյանի գլխավորությամբ:

Գեղարվեստական միջոցառմանը առանձնահատուկ հնչեղություն հաղորդեցին դուդուկահարների նվագակցությունը, դհոլի կատարումները   (ղեկավար՝ Իվանե Մկրտչյան) և Կարեն Միրզոյանի դաշնամուրային նվագակցությունը:

Աշուղական երգին հարիր տրամադրությունը, որը մեկնարկեց «Հայարտուն» կենտրոնում,  մայիսի 18-ին կշարունակվի Սայաթնովյան ավանդական «Վարդատոնին»:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge