Երեխաների պաշտպանության օրը տոնական էր թբիլիսահայ համայնքում

2025 թվականի հունիսի մեկին աշխարհի շատ երկրներում նշվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այն տոնական էր նաև Վրաստանի մայրաքաղաքում և տարբեր տարածաշրջաններում բնակվող հայ երեխաների համար: Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ երեխաների մոտ բարձր տրամադրություն ստեղծելու և ուրախ անակնկալներ մատուցելու համար:
Տոնականորեն զարդարված Թեմի «Հայարտուն» կենտրոնի դահլիճում հավաքվել էր շուրջ 100 երեխա: Նրանք ներկայացնում էին ոչ միայն «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը, կենտրոնի Արտ խմբակը (ուսուցիչ՝ Աննա Կարապետյան), այլև Վրաստանի հայ համայնք (նախագահ՝ Արթուր Միրզոյան) հասարակական կազմակերպության նկարչական խմբակի (ոսուցչուհի՝ Ալլա Անտոնյան) սովորողներին և Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիսի մեկուսի շրջանի սկաուտների (ատենապետ եղբ. Հակոբ Լամազյան) սաներին:
Օրը մեկնարկեց Կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի կողմից Թեմի առաջնորդի հայրական օրհնությունը փոխանցելով և շնորհավորանքի խոսքով, որից հետո տարածվեց երաժշտությունը, մանկական զվարճալի երգն ու պարը: Խաղվարներ Հենրիխ Պետրոսյանը և Արամ Միքայելյանը խաղ-մրցույթներին ներգրավեցին բոլորին՝ մեծից-փոքր, ստեղծելով ուրախ մթնոլորտ:
Շուտով երեխաները բաժանվեցին երեք խմբի. ուսուչցուհի Աիդա Բազոյան-Սուրմալյանի ուղեկցությամբ Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում երեխաները ասֆալտի վրա սկսեցին նկարել իրենց մտացածը, ինչը նաև խաղաղության նրանց ցանկությունն էր:
Իսկ «Հայարտուն» կենտրոնի Արտ խումբը ներկայացավ ստվարաթղթից պատրաստած մարդուկներով դիմակավորված ու զուգված: Համընդհանուր պարով նրանք ուրախացրին իրենց հասակակիցներին, իսկ վերջում իրենց ձեռքով պատրաստած ֆրրիկներն ու թագերը նվիրեցին միմյանց: Երրորդ խումբը ուսուցչուհի Առնելա Մալխասյանի ղեկավարությամբ զբաղված էր հուլունքներից տարբեր զարդեր պատրաստելով: Ուրախալի էր, որ երեխաները իրենց ձեռքի աշխատանքը սիրով նվիրում էին միմյանց, փոխանակում իրար հետ:
Վերջում բոլոր երեխաները ուսուցչուհիներ Տաթևիկ Սահակյանի, Նանե Օգանեսյանի, Ժանետա Բաղդասարյանի գլխավորությամբ, միացան օճառե պղպջաներով ժամանցին ու տարբեր խաղերի:
Օրը «Հայարտուն» կենտրոնում ավարտվեց հարգելի Եվգենյայի կողմից երեխաներին պաղպաղակներով հյուրասիրությամբ:
Երեխաների պաշտպանության օրը Վիրահայոց թեմում ընթացավ ուրախ, զվարճալի և գունեղ: