Материалы

Երեխաների պաշտպանության օրը տոնական էր թբիլիսահայ համայնքում

2025 թվականի  հունիսի մեկին աշխարհի շատ երկրներում նշվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այն տոնական էր նաև Վրաստանի մայրաքաղաքում և տարբեր տարածաշրջաններում բնակվող հայ երեխաների համար: Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի  օրհնությամբ և աջակցությամբ կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ երեխաների մոտ բարձր տրամադրություն ստեղծելու և ուրախ անակնկալներ մատուցելու համար:

Տոնականորեն զարդարված Թեմի «Հայարտուն» կենտրոնի դահլիճում հավաքվել էր շուրջ 100 երեխա: Նրանք ներկայացնում էին ոչ միայն «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը, կենտրոնի Արտ խմբակը  (ուսուցիչ՝ Աննա Կարապետյան), այլև Վրաստանի հայ համայնք (նախագահ՝ Արթուր Միրզոյան) հասարակական կազմակերպության նկարչական  խմբակի (ոսուցչուհի՝ Ալլա Անտոնյան) սովորողներին   և Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիսի մեկուսի շրջանի սկաուտների (ատենապետ եղբ. Հակոբ Լամազյան) սաներին:

Օրը  մեկնարկեց Կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի կողմից Թեմի առաջնորդի հայրական օրհնությունը փոխանցելով և շնորհավորանքի խոսքով, որից հետո տարածվեց երաժշտությունը, մանկական զվարճալի երգն ու պարը: Խաղվարներ Հենրիխ Պետրոսյանը և Արամ Միքայելյանը խաղ-մրցույթներին ներգրավեցին բոլորին՝ մեծից-փոքր,  ստեղծելով ուրախ մթնոլորտ:

Շուտով երեխաները բաժանվեցին երեք խմբի. ուսուչցուհի Աիդա Բազոյան-Սուրմալյանի ուղեկցությամբ  Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում երեխաները ասֆալտի վրա սկսեցին նկարել իրենց մտացածը, ինչը նաև  խաղաղության նրանց ցանկությունն էր:

Իսկ «Հայարտուն» կենտրոնի Արտ խումբը ներկայացավ ստվարաթղթից պատրաստած մարդուկներով դիմակավորված ու զուգված: Համընդհանուր պարով նրանք ուրախացրին  իրենց հասակակիցներին, իսկ վերջում իրենց ձեռքով պատրաստած ֆրրիկներն ու թագերը նվիրեցին միմյանց: Երրորդ խումբը ուսուցչուհի Առնելա Մալխասյանի ղեկավարությամբ զբաղված էր հուլունքներից տարբեր  զարդեր պատրաստելով: Ուրախալի էր, որ երեխաները  իրենց ձեռքի աշխատանքը սիրով նվիրում էին միմյանց, փոխանակում իրար հետ:

Վերջում բոլոր երեխաները ուսուցչուհիներ Տաթևիկ  Սահակյանի, Նանե  Օգանեսյանի, Ժանետա Բաղդասարյանի  գլխավորությամբ, միացան օճառե  պղպջաներով  ժամանցին ու տարբեր խաղերի:

Օրը «Հայարտուն» կենտրոնում ավարտվեց հարգելի Եվգենյայի կողմից երեխաներին պաղպաղակներով հյուրասիրությամբ:

Երեխաների պաշտպանության օրը Վիրահայոց թեմում ընթացավ ուրախ, զվարճալի և գունեղ:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge