Գեղարքունյաց թեմի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու օծմանը մասնակցեց Վիրահայոց թեմի առաջնորդը

2025 թվականի հունիսի 1-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունու շրջանի Մադինա գյուղում կայացավ Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցու օծման կարգը: Թեմի առաջնորդ Գրշ. Տեր . Պարթև եպս. Բարսեղյանի հրավերով արարողությանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը: Տիար Մհեր Բաղդասարյանի բարերարությամբ կառուցված եկեղեցու օծումը կատարվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Պարթև եպս. Բարսեղյանի և Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի ձեռամբ ու քահանայից դասի աղոթակցությամբ:
Սրբազան արարողության ավարտին ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի`բարերարին հղված «Օրհնության գիր»-ը:
Օծման կարգից հետո Պարթև Սրբազան Հայրն իր գնահատանքի խոսքը բերեց նորակառույց եկեղեցու բարերարին, ճարտարապետին, շինարարներին, եկեղեցու կառուցման գործում ներդրում ունեցած բոլոր հայորդիներին: Կիրակոս Սրբազան Հայրը իր հայրական օրհնությունը փոխանցեց Մադինա համայնքի բնակիչներին` մաղթելով զորանալ Տիրոջ օրհնաբեր շնորհներով և ամուր հավատի շնորհիվ շեն պահել, շունչ և ոգի հաղորդել Մադինա գյուղի Սբ. Ամենափրկիչ հրաշակերտ եկեղեցուն: