Материалы

Ք. Մառնեուլիի դպրոցականների ճանաչողական այցը Թբիլիսի

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ,  «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2025» ծրագրի շրջանակներում (ղեկավար՛ Էմիլ Սարգսյան) Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը 2025 թվականի հուլիսի 16-ին իրականացրեց Մառնեուլի քաղաքի 10-12-րդ դասարանցիների ճանաչողական այցը ք. Թբիլիսի: Դպրոցականների տեղաշարժն ապահովել էր Մառնեուլիի բնակիչ Արթուր Գոգյանը:

Ք.Թբիլիսիում հագեցած էր դպրոցականների այցի ծրագիրը: Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում արժ. Տեր Հովսեփ Հարությունյանի օրհնությունը ստանալուց հետո,  դպրոցականները «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում շրջայցի ժամանակ լսեցին  տնօրեն Եվգենյա Մարկոսյանի պատմածը  կենտրոնի բազմակողմանի  գործունեության մասին: Դպրոցականների հիշողության մեջ տպավորվեց Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն կատարած այցը և իրենց խոնարհումը ազգի մեծերի հիշատակին:

Հետաքրքիր էր նաև Թեմի երիտասարդական բաժնի ղեկավարի առաջնորդությամբ այցելությունը և էքսկուրսավարների պատմածները Թբիլիսիի Ժողովրդական ժողովի՝ Սակրեբուլոյի, Վրաստանի խորհրդարանի, Ապրիլի 9-ի հուշահամալիրի, Ազգային թանգարանի մասին  և զբոսանքը Թբիլիսիի գեղատեսիլ վայրերում:

Մառնեուլցի դպրոցականները դիտեցին Հովհ. Թումանյանի նախկին բնակարանը, էքսկուրսավար Գոհար Մազմանյանից տեղեկացան այդ տանը ժամանակին հյուրընկալված հայ, վրացի և այլազգի մեծամեծների մասին:  

Ճանաչողական այցի վերջին կանգառը Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին էր, որտեղ հոգևոր դասի հետ միասին աղոթք բարձրացնելուց հետո դպրոցականները  հյուրասիրության սեղանի շուրջ կիսվեցին իրենց տպավորություններով:  Դպրոցականները  ի հիշատակ անցած  գեղեցիկ օրվա ստացան  Վիրահայոց թեմի և «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի լոգոներով կրծքանշաններ, գրիչներ և նոթատետրեր: 

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge