Материалы

Տեր Եղիշեի Ճանապարհը դեպի հավիտենականություն

2025 թվականի սեպտեմբերի 27-ին Վիրահայոց թեմի հարյուրավոր ներկայացուցիչներ Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց դեպի հավիտենականություն ճանապարհեցին  86 տարեկան հասակում իր մահկանացուն կնքած  Վիրահայոց թեմի վաստակաշատ հոգևոր սպասավոր, արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանին:

Այդ օրը Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ պատարագ մատուցեց Թեմի առաջնորդ  Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:

Սուրբ Պատարագին ներկա էին Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններից և Հայաստանից ժամանած հոգևոր հայրեր,  եկեղեցական սպասավորներ,   հավատացյալներ, բազում քաղաքացիներ:

Հընթացս Սբ.Պատարագի Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի ձեռամբ, շարականների կատարմամբ և սաղմոսների ընթերցանությամբ Հայոց Եկեղեցու ծիսական կանոններով կատարվեց ննջեցյալի  վերջին օծումը:

Հոգևորականները աղոթեցին առ Աստված Տեր Եղիշեի հոգին Աստծու լույսին արժանացնելու աղերսով:

Վիրահայոց թեմի առաջնորդը  արժևորեց ննջեցյալ Տեր Եղիշեի անմնացորդ նվիրումը եկեղեցու ծառայությանը, քրիստոնեական գաղափարների աներկբա ընկալմանը և սերունդներին փոխանցմանը: Դրա վկայությունը Տեր Եղիշեի խրատների և ուսուցողական ճիշտ մեկնաբանությունների շնորհիվ իր որդու և թոռան նվիրումն է Եկեղեցու ծառայությանը և բազում երիտասարդների դեպի եկեղեցի ուղղորդելը:  

Գրշ. Տեր Կիրակոս Սրբազանը Սրբալույս մյուռոնով վերջին անգամ օծեց Տեր Եղիշեի ճակատն ու դաստակը և  աջակողմյան մասում տեղադրեց Կարմիր Ավետարանը: Հոգևոր դասի բոլոր անդամները մեկ առ մեկ հրաժեշտ տվեցին հանգուցյալին: 

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց թաղման արարողությունը:  Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի աճյունը  հոգևորականների և  հարյուրավոր քաղաքացիների  հոծ թափորը ուղեկցեց Թբիլիսիի հայ գրողների և  հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ Եկեղեցու արժանավոր նվիրյալը գտավ իր հավիտենական հանգրվանը  ազգի մեծամեծների կողքին: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...

2

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge