Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում ցուցադրվեց «Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմը

2025 թվականի սեպտեմբերի 28-ին, ընդառաջելով թբիլիսահայերի դիմումներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, թեմի «Հայարտուն» կենտրոնում ցուցադրվեց Ռուբեն Փաշինյանի ««Տղաս, ու՞ր է Եփրատը» գեղարվեստական ֆիլմը, որին ներկա էր Երևանից հատուկ ժամանած հեղինակը՝ գրող, ռեժիսոր, դերասան և լրագրող Ռուբեն Փաշինյանը:
Վերջինս իր ողջույնի խոսքում անդրադարձ կատարեց ցեղասպանության թեմայով իր ֆիլմի նկարահանման շարժառիթին և շնորհակալություն հայտնեց թեմակալ առաջնորդին ֆիլմը վերստին ցուցադրելու թբիլիսահայերի խնդրանքին ընդառաջելու համար:
Ցեղասպանության հարցը ֆիլմում բացահայտվում է Հայոց մեծ Եղեռնից մազապուրծ փրկված և աշխարհով մեկ սփռված այն հայի կերպարով, ով ստիպված է ապրել հայրենիքից հեռու, բայց նրա կարոտով: Ֆիլմը հուզիչ է, տոգորված հայրենասիրական պաթոսով: Ֆիլմի սցենարի հեղինակը նրբորեն բարձրացնում է նաև ճակատագրի և հայրենիքի միջև ընտրություն կատարելու, հանուն բարեկեցիկ կյանքի արտագաղթի ճամփան բռնելու երկընտրանքը, որի շարժառիթը այս անգամ ոչ թե ջարդից ու կոտորածից փրկվելը, այլ բարեկեցիկ կյանքով, սակայն հայրենիքի կարոտով ապրելն է: Ֆիլմի հերոսի համար անհասկանալի է մնում այն, թե ինչու են հայերը հայրենիքում տիրող դժվարություններից ազատվելու համար հեռանում հայրենիքից : Եվ չի ստանում այն հարցի պատասխանը, թե հայ մարդը ի՞նչ է անում հայրենիքի դժվար իրավիճակը բարելավելու, իր երկիրը շենացնելու համար: Այնուամենայնիվ նա կատարում է իր սեփական և ոչ դյուրին ընտրությունը»:
Ֆիլմը ցուցադրվել և հետաքրքրությամբ ու սիրով ընդունվել է դիտողի կողմից Լոնդոնում, Մոսկվայում, Նյու Յորքում, Բոստոնում՝ դառնալով ըմբռնելի և սրտամոտ:
Ֆիլմի հեղինակը՝ ընթերցողների համար ընթերցեց հատվածներ իր վերջին գրքերից՝ Мама, мне уже 59» (Մայրիկ, ես արդեն 59 եմ»)» և «...На все четыре стороны!» (Բոլոր չորս կողմերում:), ինչպես նաև նոր անտիպ գործեր, որոնք ներառվելու են նրա առաջիկա ժողովածուում։
Ֆիլմի ավարտին հետևեց բանաստեղծ թարգմանիչ Մարինա Կիրակոսյան Մոսեսովայի «Հայաստան» բանաստեղծությունը՝ հեղինակի ընթերցմամբ:
Միջոցառումը օրհնության խոսքով ամփոփեց արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Երեկոն ընթացավ Ռուբեն Փաշինյանի՝ հայրենակիցների հետ մտերմիկ զրույցի ձևաչափով, մտքերի և տպավորությունների փոխանակմամբ: