«Մեր մեծերը» շարքից ցուցադրվեց Սերգո Փարաջանովին նվիրված վավերագրական ֆիլմ
2025 թվականի դեկտեմբերի 21-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնաբեր ներկայությամբ, թեմի «Հայարտուն» կենտրոնում ցուցադրվեց աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգո Փարաջանովին նվիրված վավերագրական ֆիլմ:
Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ՝ Ենոք Թադևոսյանը, հայցելով առաջնորդի օրհնությունը, բովանդակալից ներածականով անդրադարձ կատարեց Թբիլիսիի քաղաքացու կոլորիտային կերպար, աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի անցած կյանքի դժվարին ճանապարհին և ստեղծագործական այն անկրկնելի ֆիլմերին որոնք հաստատուն տեղ են գրավել կինեմատոգրաֆիայի գանձարանում:
Վավերագրական ֆիլմում հագեցած մեկնաբանություններով, թերթելով մեծ կինոռեժիսորի կյանքի էջերը, վկայագրություններով վեր էին հանված ճշմարտացի իրադարձությունները: Թեև թբիլիսահայ արվեստասեր հասարակայնությունը քաջատեղյակ է Սերգո Փարաջանովի նկարահանած ֆիլմերին, այնուամենայնիվ կրկին ցուցադրված հատվածները «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը» և մյուս ֆիլմերից վերստին տպավորիչ էին նրանց համար:
Ֆիլմի ավարտին կրկին շնորհակալության խոսքեր հնչեցին Հայաստանի Հանրապետության «Գրանդ Քենդի» ընկերությանը, որը շարունակաբար հնարավորություն է ընձեռում թբիլիսահայությանը թեմի «Հայարտուն կենտրոնում «Մեր մեծերը» շարքից դիտելու նմանատիպ վավերագրական ֆիլմեր:
Հայերեն
ქართული
English
Русский 
