Սբ. Ծննդյան ավետիսը տարածվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում
2026 թվականի հունվարի 5-ի երեկոյան, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առաջին տաղավար տոնի կապակցությամբ Վիրահայոց Թեմի եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ:
Մինչ Սբ. Պատարագի սկսվելը, եկեղեցիներում կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին Սուրգգրային տարբեր հատվածներ:
Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Ճրագալույցի Սբ. Պատարագը մատուցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ: Պատարագիչն էր արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:
Հընթացս Սբ. Պատարագի, Թեմակալ առաջնորդն իր քարոզում անդրադարձ կատարեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդի խորհրդին՝ որպես պարգև մարդկությանը՝ մեղքերից ազատվելու, բազում մարտահրավերները և Հայոց Եկեղեցու պառակտումը հաղթահարելու ճշմարիտ Աստվածային ուղի:
Հավարտ Սբ. Պատարագի Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը վառեց կենսատու մոմը, որը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը և մարդկանց առաջնորդում է դեպի ճշմարիտ Աստվածային օրհնությունը: Կենսատու մոմի լույսը բաշխվեց հավատացյալներին: Նրանք եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և Աստվածային լույսը:
Սբ. Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը, թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, կատարեց տնօրհնեքի կարգ առաջնորդի «Հայարտուն» նստավայրում:
Ճրագալույցի Սբ. Պատարագ մատուցվեց Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ, Բաթումիի Սբ. Փրկիչ, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ, Նինոծմինդայի Սբ. Սարգիս և տարածաշրջանի մյուս հայոց եկեղեցիներում:
Հայերեն
ქართული
English
Русский 


