Վիրահայոց թեմում տոնեցին Բուն Բարեկենդանը
Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, Բուն Բարեկենդանի տոնը թբիլիսահայ համայնքում վերածվեց ժողովրդական տոնախմբության: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, 2026 թվականի փետրվարի 15-ին տիրում էր տոնական տրամադրություն: Հավատացյալները ելնելով օրվա խորհրդից, պատրաստվում էին Մեծ Պահքի ուխտագնացությանը, որից հետո Սուրբ Հարության ավետիսով տոնելու էին Սուրբ Զատիկը:
Կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո հավատացյալներին սպասում էին Բարեկենդանի բարիքներով զարդարված սեղաններն ու տոնական ուրախ տրամադրությամբ եկեղեցու բակը:
Միջոցառման նպատակն էր պահպանել և սերունդներին փոխանցել ժողովրդական ավանդույթները, սովորությունները և ազգային կերակրատեսակները: Թբիլիսիի Սբ. Գևորգ և Սբ. Էջմիածին հայոց եկեղեցիների խաչի քավորներ Արկադի Հովակիմյանի և Խաչատուր Տեր-Բալյանի աջակցությամբ տարբեր ուտեստներով, ղափամայով, հայկական հալվայով, քաղցր փլավով, փոխինդով, խմորեղենով և այլ բարիքներով զարդարված սեղանները կազմակերպել էին թեմի առաջնորդարանը վարչության ղեկավար Կարեն Երիցյանի և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը՝ նախագահ Սուսաննա Խաչատրյանի գլխավորությամբ:
Յուրահատուկ էր օրվա խորհրդի մեկնաբանությունը, որը հավուր պատշաճի ներկայացնելուն առանձնահատուկ պատրաստվել էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) սաները նկարչության խմբակի ուսուցչուհի Աննա Կարապետյանի ղեկավարությամբ: Երեխաները ներկայացրեցին օրվա հերոսներ Ուտիս տատի և Պաս պապի տիկնիկները, իրենք դիմակավորվեցին և երգով, քառյակներով պատմեցին Բարեկենդանի խորհրդի, կերակրատեսակների բազմազանության և հաջորդ օրվանից սկսվող Մեծ Պահքի խորհրդի և կանոնների մասին:
Արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի կողմից սեղանների օրհնությունից և աջակիցներին, անհատ հովանավորներին, Սբ. Գևորգ եկեղեցասեր կանանց խմբի ղեկավար Աիդա Չախոյանին, «Հայարտուն», «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոններին, Վրաստանի հայ համայնք, Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիս հասարակական կազմակերպություններին և բոլոր մասնակից կանանց գնահատանքի և շնորհակալության խոսքից հետո սկսվեց հյուրասիրությունը առատ կերակրատեսակներով:
Ներկաները օրվա ուրախությունը ավարտեցին եփած ձվերով և հայկական լավաշով պասի ճանապարհը բռնելու և ներկած ձվով արդեն պասից դուրս գալու որոշումով: Ու տարածվեց ուրախ երգն ու երաժշտությունը Հայոց եկեղեցու բակում՝ զարմանք, հիացմունք և ուրախ տրամադրություն ստեղծելով բոլոր մասնակիցների, հյուրերի և այլազգիների շրջանում: Մինչև ուշ Բուն Բարեկենդանի պարգևած ուրախ տրամադրությունը թևածում էր շուրջբոլորը:
Հայերեն
ქართული
English
Русский 


