Материалы

Վիրահայոց թեմում տոնեցին Բուն Բարեկենդանը

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և   աջակցությամբ, Բուն Բարեկենդանի տոնը թբիլիսահայ համայնքում վերածվեց ժողովրդական տոնախմբության: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ  եկեղեցում, 2026 թվականի փետրվարի 15-ին տիրում էր տոնական տրամադրություն: Հավատացյալները ելնելով օրվա խորհրդից, պատրաստվում էին Մեծ Պահքի ուխտագնացությանը, որից հետո Սուրբ Հարության ավետիսով տոնելու էին  Սուրբ Զատիկը:

Կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո հավատացյալներին սպասում էին Բարեկենդանի բարիքներով զարդարված սեղաններն ու տոնական  ուրախ տրամադրությամբ եկեղեցու բակը:

Միջոցառման նպատակն էր պահպանել և սերունդներին փոխանցել ժողովրդական ավանդույթները, սովորությունները և ազգային կերակրատեսակները: Թբիլիսիի Սբ. Գևորգ և Սբ. Էջմիածին հայոց եկեղեցիների խաչի քավորներ Արկադի Հովակիմյանի և Խաչատուր Տեր-Բալյանի  աջակցությամբ տարբեր ուտեստներով, ղափամայով, հայկական հալվայով, քաղցր փլավով, փոխինդով, խմորեղենով և այլ բարիքներով զարդարված  սեղանները կազմակերպել էին թեմի առաջնորդարանը վարչության ղեկավար Կարեն Երիցյանի  և  Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ»  միությունը՝ նախագահ Սուսաննա Խաչատրյանի գլխավորությամբ:

Յուրահատուկ էր օրվա խորհրդի մեկնաբանությունը, որը հավուր պատշաճի ներկայացնելուն առանձնահատուկ պատրաստվել էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) սաները նկարչության խմբակի ուսուցչուհի Աննա Կարապետյանի ղեկավարությամբ: Երեխաները ներկայացրեցին օրվա հերոսներ Ուտիս տատի և  Պաս պապի տիկնիկները, իրենք դիմակավորվեցին  և երգով, քառյակներով պատմեցին Բարեկենդանի  խորհրդի, կերակրատեսակների բազմազանության և  հաջորդ օրվանից սկսվող Մեծ Պահքի խորհրդի և կանոնների մասին:

Արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի կողմից սեղանների օրհնությունից և  աջակիցներին, անհատ հովանավորներին,  Սբ. Գևորգ եկեղեցասեր կանանց խմբի ղեկավար  Աիդա Չախոյանին, «Հայարտուն», «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոններին, Վրաստանի հայ համայնք, Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիս  հասարակական կազմակերպություններին և բոլոր  մասնակից կանանց գնահատանքի և շնորհակալության խոսքից հետո սկսվեց հյուրասիրությունը առատ կերակրատեսակներով:

Ներկաները օրվա ուրախությունը ավարտեցին եփած ձվերով և հայկական լավաշով պասի ճանապարհը բռնելու և ներկած ձվով արդեն պասից դուրս գալու որոշումով: Ու տարածվեց ուրախ երգն ու երաժշտությունը Հայոց եկեղեցու բակում՝ զարմանք, հիացմունք և ուրախ տրամադրություն ստեղծելով բոլոր մասնակիցների, հյուրերի և այլազգիների շրջանում:  Մինչև ուշ Բուն Բարեկենդանի պարգևած ուրախ տրամադրությունը թևածում էր շուրջբոլորը:

2

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge