Материалы

Թբիլիսիում նշեցին Հովհաննես Թումանյանի տարեդարձը

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձը նշանավորվեց  Վիրահայոց թեմում ընդունված կարգի համաձայն՝ Թբիլիսիի Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն այցելությամբ, որտեղ հանգչում է  սիրված  բանաստեղծը:

Մեծաց մեծերի պանթեոնում հավաքվել էին Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների երկրպագուները, տարբեր սերնդի ներկայացուցիչներ, ովքեր կյանք են մտել ժողովրդական մեծ բանաստեղծի գործերով, ովքեր դաստիարակվում են նրա հեքիաթներով, բանաստեղծություններով, ասույթներով ու ասացվածքներով: Առանձնապես աչքի ընկան փոքրերը, Թումանյանի հեքիաթներն ու բանաստեղծությունները սիրողներն ու անգիր  գիտեցողները:   

Ներկաները ծաղիկներով զարդարեցին Հովհաննես Թումանյանի տապանաքարը, ծաղիկներ խոնարհեցին ազգի մյուս արժանավոր զավակների շիրիմներին: Արժանապատիվ  Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը կատարեց հոգեհանգստյան կարգ՝ Հովհ. Թումանյանի և այնտեղ հանգչող մեծաց մեծերի հոգու խաղաղության համար, խնկարկելով նրանց անմահ հիշատակը:  

Տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանի գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի  կողմից հայտարարվեց «Գիրք նվիրելու օր»: Այդ գեղեցիկ միջոցառումը վաղամեռիկ բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ հաստատվեց նաև Թբիլիսիում: Բարի ավանդույթ դարձած այս գեղեցիկ և  ուսուցանող միջոցառումը անընդմեջ իրականացվում է արդեն շուրջ մեկ ու կես տասնամյակից ավելի:

Ոչ միայն տոնական, այլև ճանաչողական, հուզական, բանաստեղծական շնչով հագեցած էր   Հայոց ժողովրդական բանաստեղծի ծննդյան օրվան նվիրված միջոցառումը:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge