Մայրենի լեզվի տոնը նշվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում
2026 թվականի փետրվարի 21-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում հանդիսավորապես նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը: Կազմակերպիչներն էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Սբ. Գրիգոր Նարեկացու անվան շաբաթօրյա դպրոցի սաները՝ հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Թամարա Գաբոյանի գլխավորությամբ, «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախումբը և անհատ կատարողներ՝ խմբավար Աիդա Բազոյան-Սուրմալյանի ղեկավարությամբ և դաշնակահար Կարեն Միրզոյանի մասնակցությամբ:
Միջոցառումը պատմական անդրադարձ էր մեսրոպյան տառերի ստեղծման ժամանակաշրջանին, հայոց ոսկեղենիկ լեզվին, նրա զարգացման փուլերին: Դահլիճում մայրենի լեզվով հնչեցին աղոթքն ու շարականը, երգն ու արտասանությունը, հայոց լեզվին, հայրենիքին նվիրված ազգի մեծերի ասույթները:
Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Վերջինս ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հայրական օրհնությունը, շնորհավորեց Մայրենի լեզվի օրվա առիթով և կարևորեց այն մեծ աշխատանքը, որը կատարվում է Թեմի հայերենի ուսուցման մեկօրյա վարժարաններում հայրենիքից հեռու մայրենի լեզվի պահպանության և տարածման գործում, հորդորեց ներկաներին լինել ազգասեր և միասնական, համախմբվել հայոց եկեղեցու ու հայկական այս օջախի շուրջը, սովորել և պահպանել մեսրոպատառ հայերենը:
Հայրենիքից հեռու ազգային ինքնությունը, հոգևոր և ազգային արժեքները պահպանելու մասին խոսեցին գրող բանաստեղծ Ռուզաննա Հովասափյանը, լրագրողներ Սուսաննա Խաչատրյանը և Գայանե Բոստանջյանը, «Արևիկ» հիմնադրամից՝ Ինգա Աղեկյանը, բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա - Կիրակոսյանը և ուրիշներ:
«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանն ամփոփելով միջոցառումը, իր գոհունակությունը հայտնեց բոլոր մասնակիցներին, կարևորեց և արժևորեց այն նուրբ և հարգալից վերաբերմունքը մայրենի լեզվի հանդեպ, որով տոգորված էր միջոցառումը, որով հագեցած էին երեխաների ելույթները: Իսկ միջոցառման կազմակերպիչ Թամարա Գաբոյանը իր շնորհակալությունը հայտնեց աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին, բոլոր մասնակիցներին և ներկաներին:
Մայրենի լեզվի միջազգային օրն ընդունվել է 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ և 2000 թվականից փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցության օր:
Հայերեն
ქართული
English
Русский 

